«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հայտարարությունը
Խորհրդային բռնազավթման տարիներին (1920-1990թթ.) սպանվել, դատվել, աքսորվել, հալածվել է 42.000 հայ (խորհրդային տվյալներով՝ 1949թ. հունիսի 14-ին մեկ օրում Սիբիր է աքսորվել 13.000 հայ)՝ Սարդարապատի հերոսներն ու նրանց հարազատները, 1-ին Հանրապետության պետական-հասարակական գործիչներ, Հայաստանի բանակի նախկին զինվորներ-սպաներ, հայրենադարձներ, Հայաստանի ազատության համար պայքարողներ, իրավապաշտպաններ, գրողներ, մտավորականներ և այլն: Հունիսի 14-ը՝ Բռնադատվածների հիշատակի օրը, ներառված է ազգային օրացույցում: «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքով» սահմանված է բռնադատվածի կարգավիճակն ու իրավունքները:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն խորհրդային բռնազավթման տարիներին հայ ժողովրդի ներկայացուցիչների զանգվածային սպանությունները, ազատազրկումները, բռնի տեղահանումները, աքսորները, հալածանքները, բռնաճնշումները որակում է մարդկության հանդեպ կատարված հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի և դատապարտելի է:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հույս է հայտնում, որ ոչ ընտրակաշառքով ընտրված պատգամավորները, կուսակցությունների ղեկավարները, մտավորականները, զինվորականները, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները (հատկապես՝ «Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը»), իրավապաշտպանները, ԶԼՄ-ները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հունիսի 14-ին կայցելեն Երևանում Բռնադատվածների հիշատակին կառուցված հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն, հանդես կգան մարդկության հանդեպ Խորհրդային բռնամիության կատարած հանցագործությունը դատապարտող գնահատականներով։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ