Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում որակազրկվեց

Հունիս 11,2017 22:23

Թբիլիսիում այսօր ավարտվեց ըմբշամարտի «Գրանդ Պրի» մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում վեց մեդալ նվաճեցին:

Ազատ ոճում իր համար անսովոր՝ 65 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Վոլոդյա Ֆրանգուլյանը: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) ճանաչվեց արծաթե, իսկ Գարիկ Բարսեղյանը  (57 կգ) եւ Նարեկ Սիրունյանը (65 կգ) արժանացան բրոնզե պարգեւի:

Հունահռոմեական ոճում երեկ Մաքսիմ Մանուկյանը երկրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ այսօր Կարապետ Չալյանը պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ 75 կգ քաշային կարգում:

Երեկ սկանդալային վերջաբան ունեցավ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ վրացի ըմբիշի եզրափակիչ գոտեմարտը, որն ըստ էության չավարտվեց հայ ըմբիշի որակազրկման պատճառով:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց միջադեպը. «Բոլոր մասնագետներն էին ասում, որ մրցավարները սխալ են դատում: Գոտեմարտի ավարտին մնում էր 45 վայրկյան եւ դեռ հարց էր, թե այն ինչպես կավարտվի: Արթուրն անընդհատ գրոհում էր, իսկ մրցավարները վրացու պասիվության համար Արթուրին միավոր չէին տալիս: Այդ ժամանակ կատարվեց անսպասելին: Հանդիսականներն սկսեցին անշնորհքություններ անել: Ինչ-որ տեղից մոտեցան Գեւորգ Ալեքսանյանին, որն Արթուրի հայրն է եւ անձնական մարզիչը, ու հրմշտոց սկսվեց: Նկատելով դա՝ Արթուր Ալեքսանյանը, բնականաբար, չկարողացավ անտարբեր մնալ: Նա մոտեցավ, որպեսզի իրադարձություններն այլ զարգացում չստանան: Մրցավարները հենց այդ առիթն օգտագործեցին ու Արթուր Ալեքսանյանին հեռացրին մրցումներից», – ասաց մարզիչը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ոճի համակարգող Արսեն Բադալյանն էլ ասաց. «Իհարկե, շատ տհաճ բան տեղի ունեցավ: Բայց ըմբշամարտում այսպիսի երեւույթները նոր բան չեն: Մենք այդպիսի բաներ շատ ենք տեսնում: Մրցաշարը Վրաստանում է, եզրափակիչ գոտեմարտն է, հանդիպում են վրացին եւ օլիմպիական չեմպիոն հայ ըմբիշը: Այս մրցաշարում միայն Արթուր Ալեքսանյանի հետ չէ, որ անարդար են վարվում: Նույնն ուզում էին անել նաեւ ազատ ոճում՝ Վոլոդյա Ֆրանգուլյանի եզրափակիչ գոտեմարտի ժամանակ, որում մեր ըմբիշը հաղթեց թուրքին: Այդ գոտեմարտում էլ մրցակցի մարտավկաների նետած չելենջին փորձեց ի վնաս մեր մարզիկի միջամտել մրցաշարում UWW-ի թուրք դելեգատը: Բայց ես թույլ չտվեցի, քանի որ օրենքով նա իրավունք չուներ խառնվել իր հայրենակցի մասնակցությամբ գոտեմարտին: Բայց այդ դելեգատը իր սեւ գործն, այնուամենայնիվ, արեց Արթուր Ալեքսանյանի պարագայում: Երբ Արթուրը ուղղվեց քաշքշուքի կողմը, ես վազելով գնացի կանխելու նրան, որպեսզի գորգից չիջնի: Բայց դելեգատը, որն այդ ընթացքում ոչ մի բանի չէր խառնվում, օգտվելով առիթից, իր մոտ անմիջապես համապատասխան գրանցում էր կատարել: Գոտեմարտն ըստ էության չավարտվեց՝ Արթուր Ալեքսանյանին հեռացրին մրցաշարից»:

Արսեն Բադալյանը նաեւ ասաց, որ Թբիլիսիից վերադառնալուց հետո մամուլի ասուլիս կհրավիրվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930