«Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպությունը «Հաղթանակ» զբոսայգու սեղանի թենիսի խաղահրապարակում մասսայական բաց մրցաշար էր կազմակերպել:
Կազմակերպության նախագահ Արամ Մանուկյանի խոսքերով, մրցմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ նրանք, ովքեր նախապես տեղեկացվել էին, այնպես էլ զբոսայգու այցելուները: «Մենք այս նախաձեռնությամբ նպատակ ենք դրել ազգաբնակչության լայն շրջաններում քարոզել առողջ ապրելակերպն ու մասսայական ֆիզկուլտուրան: Զբոսայգու այս բացօթյա տարածքն էլ պատահական չենք ընտրել: Սեղանի թենիսը մատչելի է բոլորին: Այցելուները, որոնք եկել են զբոսայգի պատսպարվելու տապից, տեսնելով սեղանների շուրջ սիրողական պայքարը, իրենք էլ կարող են միանալ մեզ», – ասաց Արամ Մանուկյանը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտ բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը ողջունեց գաղափարը: Նրա խոսքերով, մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպը հատկապես վերջին տարիներին ավելի լայն տարածում են ստացել, սակայն ընդգրկման շրջաններն ընդլայնելու եւ քարոզչության խնդիր դեռ կա եւ ամենագործուն միջոցը չինովնիկների անձնական օրինակը կարող է դառնալ:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության առաջատար մասնագետ Արթուր Սեդրակյանը նշեց, որ ազգաբնակչության առողջությունը կառավարության եւ սպորտի պետական կառույցի առաջնային խնդիրներից է եւ նախարարությունը ոչ միայն ինքն է կազմակերպում այդ աշխատանքները, այլեւ ողջունում է ցանկացած նախաձեռնություն:
Հետաքրքիր պայքարի ավարտին մրցաշարի հաղթող դարձան:
Կանայք. Արշալույս Գասպարյան, Մարինե Կարապետյան, Շուշան Սիմոնյան:
Տղամարդիկ. Վահե Սիմոնյան, Անդրանիկ Թորոսյան, Սամվել Ջինանյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ