Հունիսի 10-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը
– Առաջինը, շնորհավորում եմ Չեռնոգորիայի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ։
– Չկարողացաք վնասազերծել Ստևան Յովետիչին, չնայածշ որ երեկ ասում էիք, որ փորձելու եք չեզոքացնել իրեն։
– Իրոք, այն ինչ պլանավորել էինք, չկարողացանք կատարել։ Իսկ Յովետիչն էլ ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Պլանավորելը մեկ բան է, կատարելը` ուրիշ։
– Ի՞նչն էր այսօրվա և վերջին երեք խաղերի տարբերությունը:
– Որ ասեմ, որ ցանկություն չկար, դա այդպես չէ։ Զիջեցինք պայքարում, որն որոշիչ էր այսօր։ Առաջին գոլից հետո մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ և չօգտագործեցինք, իսկ երկրորդ գոլից հետո, Չեռնոգորիան լիովին վերահսկում էր խաղը, և ինչ-որ նախատեսել էինք չկարողացանք իրականացնել։
– Դուք ասել էիք, որ եկել եք այստեղ երեք միավորի համար։ Այժմ Դուք չե՞ք կարծում, որ երևանյան հանդիպումը պատահականություն էր:
– Իհարկե պատահականություն չէր։ Երկրորդ խաղակեսում մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Դա ցանկություն էր, աշխատանք էր, և այստեղ պատահականություն չեմ տեսնում։ Ես միշտ ասել եմ, որ մենք ճանապարհի սկզբին ենք և պետք է շատ-շատ աշխատենք, որպեսզի կարողանանք պինդ բարձրակարգ թիմ դառնանք։ Ես իրատես և լավատես եմ, և այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ թե մենք ով ենք, որտեղից ենք եկել և ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապաչհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են և հաղթանակներ և պարտություններ, և եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի։
– Ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնց ունենք մեր տրամադրության տակ, մենք ընտրել էինք համապատասխան մարտավարությունը։ Այսօրվա խաղի մասին կարելի է ասել, որ տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա