Հունիսի 10-ին Երևան քաղաքի Մոսկվայի տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կայացավ Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, 1992–1995թթ. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հյուրեր Սանկտ-Պետերբուրգից և Մոսկվայից:
Ցուցադրությունը, որը նվիրված է Ռուսաստանի օրվան, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների բազմամյա բարեկամությանը, ներառում է ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլղոլիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում և Վրաստանում հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին:
Միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Գյումրի քաղաքի ղեկավարության խնամատարությամբ 2016թ. ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի ընտանիքին հանձնվեց Հրաչյա Պողոսյանի նվիրած բնակարանի բանալին:
Ընտանիքի անդամներին հանձնելով բնակարանի հավաստագիրը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատաեց Հրաչյա Պողոսյանի բազմաբնույթ բարեգործական գործունեությունը, որը մեծապես նպաստում է հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: Նա մասնավորապես ասաց. «Այս սրահում ցուցադրվող նկարներն ու արված գործերն արդեն բնորոշում են Հրաչյա Պողոսյանին՝ որպես մեծ մարդու, հրաշալի հայի, Ռուսաստանի օրինակելի քաղաքացու ու բարերարի: Սիրելի Հրաչյա, որքան տալիս ես, թող դրա տասնապատիկն ավելանա, մեծանա նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու քո հնարավորությունները»:
Հրաչյա Պողոսյանը հոգևոր, մշակութային և պատմական նշանակության 80-ից ավելի կառույց է ստեղծել, հիմնանորոգել: Նրա ջանքերով հրատարակվել են տասնյակ գրքեր և պարբերականներ, նկարահանվել վավերագրական ֆիլմեր:
Միջացառման շրջանակներում կայացավ նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ: Աշխատությունը ներկայացրեց մարշալի թոռը՝ Իվան Սերգեյի Բաղրամյանը:
Այնուհետև ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարանում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ էին դարձա Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխաներ: 2016թ-ին Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան և վերականգնվել տապանաքարը:
ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն