Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վասակ Դարբինյան. «Ստեղծագործելը վայելքների եւ շքեղության այլընտրանք է» (Ֆոտոշարք)

Հունիս 10,2017 21:45

Հունիսի 10-ին «Նոյան տապան» գրատանը կայացավ Վասակ Դարբինյանի «Օտար ժամանակներ» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված է հեղինակի արձակ ստեղծագործությունների երկու շարք`«Օտար ժամանակներ» եւ «Կյանքի հակառակ կողմը»:

Գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանն ասաց, որ իր համար հեշտ չէ Վասակ Դարբինյանի մասին խոսելը մի քանի պատճառով. նրան ճանաչում է, երբ ինքը դեռ երեխա էր: Ասաց, որ կարդում էր «Առավոտում» տպագրվող նրա հումորները, որ հաջորդ օրը դպրոցում պատմեր: Գեւորգը այդ տարիների մի քանի հումոր հիշեց, մեկը` Արշակ Սադոյանի մասին. «Արշակ Սադոյանը մի առիթով ասել էր, թե ամաչում է, որ հայ է: Վասակ Դարբինյանն էլ գրել էր` ես էլ եմ ամաչում, որ Արշակ Սադոյանը հայ է»:

Գրականագետի կարծիքով, գրքում զգալի է Սարոյանի եւ Մաթեւոսյանի ազդեցությունը: Նա նաեւ նշեց, որ Վասակ Դարբինյանը տեսել է այսօրվա արժեքներից մարդու հեռացումը, նաեւ մարդու ինքն իրենից հեռացումը:

Բանաստեղծ Վահագն Աթաբեկյանի բնորոշմամբ, լինում են բացառիկ սերունդներ, ինչպես օրինակ երրորդ հազարամյակում ծնված այն երեխաները, որոնք առաջին անգամ այս տարի բուհ են դիմել: Նրա խոսքով, Վասակ Դարբինյանն էլ այն բացառիկ սերնդի մարդկանցից է, որոնք իրենց կյանքի ուղիղ կեսն ապրել են Խորհրդային միությունում, մյուս կեսը` անկախ Հայաստանում. «Այդ սերունդն ազնվորեն իր ուսերի վրա կրեց Ղարաբաղյան պատերազմի, երկրաշարժի, Անկախության դժվարությունները: Դա մի սերունդ էր, որ հնարավորություն չունեցավ իր «առաջին կյանքում» գրական մեծամեծ գործեր անել, ոչ էլ կարողացավ Անկախությունից հետո, քանի որ նրանցից յուրաքանչյուրը զբաղված էր իր հայրենիքը սիրելով»: Վահագն Աթաբեկյանը համոզված է` այս սերնդի գրողների գործերը պարտավոր ենք կարդալ:

Բանաստեղծ եւ արձակագիր Արմեն Շեկոյանը նշեց, թե ժամանակին ինքն էր խորհուրդ տալիս Վասակ Դարբինյանին գիրք տպագրել, սակայն նա ասում էր. «Ամոթ չէ՞»: Արմեն Շեկոյանի ձեւակերպմամբ, Վասակի գրքի արժանիքներից մեկն այն է, որ այն ոչ թե լրագրողի գրականություն է, այլ մաքուր գրականություն, նաեւ նման չէ որեւէ մեկի գրականությանը, թերեւս մի քիչ Վանո Սիրադեղյանից ազդեցություն կա:

Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը Վասակ Դարբինյանի գրքի մասին խոսելիս մեջբերեց իրանական պոեզիայից մի տող` «Մենք ոչինչ ենք, մենք ընդամենը հայացք…»: «Կարճառոտ դիտարկումներ` ժամանակի վկա լինելու վերաբերյալ…սեփական գրչով ստեղծված գրականությունը էլ ավելի չպղծելու հոգածություն կա»,-ասաց Դավիթ Մաթեւոսյանը:

Վասակ Դարբինյանի ձեւակերպմամբ, ստեղծագործողները ստեղծագործում են այն պահից, երբ զգում են, որ կյանքը տանուլ են տալիս. «Բայց բարեբախտաբար, ստեղծագործելը միայն տառապանք չէ, այն նաեւ վայելքների եւ շքեղության այլընտրանք է: Գրելու իմ շարժառիթի իմ ապրած ժամանակի վրա ազդեցություն չունենալու անհնարինության գիտակցումն էր»:

Նա ասաց, որ իրենց սերունդը երկու հասարակարգի, երկու կենսակերպի. երկու իրարամերժ արժեհամակարգերի կրող է: Ճիշտ է` ժամանակին հակադրվում էին սովետական իրականությանը` երբեմն թշնամանալու չափ, բայց իրենց վիճակված էր լավագույն տարիներն ապրել այդ իրականության մեջ, եւ հենց այդ իրականությունն էր` համազգային զարթոնքը, երկրաշարժը, Անկախությունը, պատերազմը…

«Այս ամենի միջով պիտի անցնեինք նորածին մեր երեխաներին` մեր երկրի նորածին անկախությունից չտարբերելով: Մենք հայտնվել էինք ուրիշ աշխարհում: Հետևաբար` այս ամենին ավելի դիպուկ անուն չգտա, քան «Օտար ժամանակները»,-նշեց Վասակ Դարբինյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930