«Ենթադրաբար, կողմերն աշխատելու են Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման՝ շփման գծում դիտորդների թվի ավելացման ուղղությամբ, որի մասին մոտ մեկ ամիս առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեւանյան այցին, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը մերժում է շփման գծում վերահսկողությանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:
Մեկնաբանելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ այսօր հնչեցրած նկատառումը, թե «եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը», Նարեկ Մինասյանն ասաց. «Բնական է, որ հայկական կողմը համանախագահներից կոշտ արձագանք է ակնկալում, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք չեն կարող գերազանցել իրենց մանդատով սահմանված լիազորությունները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ