Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:
Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ նման հանդիպումները լավ հարթակ են՝ ինչպես արդյունավետ համագործակցելու, այնպես էլ երկրների առջև ծառացած խնդիրներին թիմային լուծումներ գտնելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ առումով դեռևս չօգտագործված ներուժ կա: Անդրադառնալով Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ուզում եմ փաստել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև խմբում մեր երկարամյա համագործակցությունը տարիներ ի վեր եղել է արդյունավետ և կառուցողական: Վստահորեն կարող եմ փաստել, որ վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՀ կողմից ցուցաբերված աջակցության և կառուցողական համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք մեր երկրներում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրագործման շնորհիվ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը երկրների զարգացման և ներառական տնտեսական աճի ապահովման կարևորագույն նախապայմանն է:
Համաշխարհային բանկի հետ համագործակցային հարաբերությունները ևս մեծագույն կարևորություն են ներկայացնում մեզ համար: Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն էական նշանակություն են ունեցել տնտեսության, ենթակառուցվածքային, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կարևոր ուղղություններ ֆինանսավորելու համար՝ ապահովելով ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև զարգացում և առաջընթաց:
Պետք է նշել նաև, որ թեև մեր խմբի մեջ մտնող երկրները տարբերվում են իրենց տնտեսական կառուցվածքներով և զարգացվածության աստիճաններով, սակայն այսօր համաշխարհային տնտեսությունից ներթափանցող մարտահրավերներն ստեղծում են խնդիրներ, որոնք, անկախ վերը նշվածից, բնորոշ են բոլորին: Հետևաբար, կարևոր է նաև այս քննարկումների արդյունքում համատեղ ջանքերով գտնել այն լուծումները, որոնք կիրառելի կլինեն մեր երկրներում»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիների տնտեսական զարգացումները պարտադրեցին տնտեսություններին բախվել արտաքին աշխարհից ներթափանցող ցնցումներին, որի արդյունքում երկրների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, գրանցվեց պետական պարտքի մակարդակի էական աճ: «Վերջինս թելադրում է, որ այս և հետագա տարիներին իրականացվի հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ նպատակ հետապնդելով պարտքը վերադարձնել կայուն միջավայր և չվտանգել մակրոտնտեսական կայունությունը, ինչը տնտեսվարողների կողմից ներդրումների իրականացման կարևոր նախապայման է: Սակայն հարկաբյուջետային կոնսոլիդացիան իր հերթին ունի գին, և այդ գինը պետական հատվածի հաշվին տնտեսական աճի հետագա խթանման սահմանափակվածությունն է: Հետևաբար, լուծումը միջազգային ֆինանսական կառույցների գործիքների օժանդակությամբ մասնավոր հատվածին ուղղվող ֆինանսավորման ընդլայնումը կառավարության կառուցվածքային բարեփոխումներին զուգակցելն է՝ այն իրականացնելով արագ և ներդաշնակ: Այստեղ Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության ծրագրերը նույնպես արժեքավոր դեր կարող են ունենալ` մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալները մեծացնելու և պետություն-մասնավոր համագործակցության ծրագրեր նախագծելու և իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով, կցանկանայի բոլորի ուշադրությունը հրավիրել նշված հարցին և կարծում եմ, որ վերջինս կարող է դառնալ օրակարգ՝ հետագա քննարկումների համար», – նշել է Հայաստանի վարչապետը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ոչ միայն մտքերի, փորձի փոխանակությամբ համընդհանուր մակրոտնտեսական խնդիրների լուծումներ գտնելու, այլև մասնակից երկրների տնտեսական շահերն ու հնարավորությունները հասկանալու և գնահատելու ուղղությամբ աշխատանքը՝ համոզմունք հայտնելով, որ միասնականությունը և խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն առավել ուժեղ և նպատակասլաց կդարձնեն մասնակից երկրներին: «Խմբի հանդիպումները հաջող հարթակ են նաև այս տեսանկյունից: Օրինակ, Հայաստանը, մի կողմից, գտնվում է Եվրոպայի և Ասիայի ճանապարհային խաչմերուկում, մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկիր է, որը գործարարությամբ զբաղվելու ինդեքսով ունի նպաստավոր դիրք ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ: ԵՄ հետ նույնպես ունենք լավ գործընկերային հարաբերություններ և օգտվում ենք «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից: Հետևաբար, մեր երկրի տնտեսա-աշխարհագրական դիրքը և ԵԱՏՄ անդամակցությունը կարող է արդյունավետ օգտագործվել մյուս երկրների առևտրատնտեսական հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու համար», – ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող քայլերը: «Հայաստանի ներկա տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումների ներգրավման և արտահանելի ճյուղերի խթանման ճանապարհով տնտեսական աճի ապահովմանը: Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր՝ աստիճանաբար ուժեղացնելով երկրի մրցունակությունը: Իրականացվող բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղղությունները միտված են միջազգային տնտեսական հարաբերությունների խորացմանը՝ համագործակցության տարբեր ձևաչափերով, որտեղ իրենց կարևորագույն կշիռն ունեն Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը», – եզրափակել է Կարեն Կարապետյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակից պատվիրակություններին:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն