Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը և հրապարակվեց Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չկատարեց պայմանավորվածությունը, այլև հանդես եկավ անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարևորել են նախորդ տարվա գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլ՝ բանակցություններին քննարկվել են գագաթաժողովներին կայացած բանակցությունները։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ, թեև մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն