Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերին, դրական գնահատել դրանց ընթացքը և քննարկել հետագա քայլերը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է և պետք է հետևողական աշխատել այդ տեմպը պահպանելու և ավելացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խթանման, ներդրումների ներգրավման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում և զբոսաշրջության ոլորտում գործակցության, միջմշակութային կապերի սերտացման և այլ ուղղություններով:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն