Հունիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց, որպես առավել խոցելի խմբի, պաշտպանվածության, նրանց սոցիալական իրավունքների և սոցիալական ներառվածության հիմնախնդիրները:
Հյուրերը ներկայացրեցին Եվրամիության ֆինանսավորմամբ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» գործընկեր կազմակերպության հետ համատեղ իրականացվող գրանտային ծրագիրը, որը միտված է լինելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքի և սոցիալական ներառվածության ուսումնասիրությանն ու դրա արդյունքում հետագա կատարելագործմանն ու հնարավորինս համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ներկայացրեց աղետների ռիսկի նվազեցման կառավարության ծրագրում նախարարության կողմից առաջարկվող միջոցառումները, որոնք միտված կլինեն խոցելի խավի, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց, կարիքների ուսումնասիրությանը, խոցելիության նվազեցմանը և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության և հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական իրավունքների մասին հանրային իրազեկման գործընթացները:
ՀՀ ԱԻՆ