Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը շուկայից տան համար առեւտուր արեց (Ֆոտոշարք և տեսանյութ)

Հունիս 10,2017 14:05

Այսօր Կասյան փողոցին հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառում շրջելուց հետո Aravot.am-ը գյուղնախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե որպես քաղաքականություն իրականացնող մարմին ի՞նչ են անում, որպեսզի էժան գներով շուկայում հայտնված ռուսական վարունգը, թուրքական լոլիկը եւ այլ մթերքներ գյուղացու գործին «չխփեն», հատկապես, որ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է գերակա ուղղություն ու գյուղացիներին հորդորում է ցանքատարածություններն ավելացնել:

«Շուկան ինքն իրեն պետք է կարգավորի, բայց դա չի նշանակում, որ պետք է Հայաստան մտնի ցանկացած որակի, ցանկացած ճանապարհով ապրանք: Եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է եւ մեր շուկայական հարաբերությունների դրված քաղաքականության սահմաններում է, ուրեմն, ամեն ինչ նորմալ է, բայց, եթե մենք մրցակցային չենք ներմուծվողի հետ, այստեղ ես մեր դերը տեսնում եմ՝ պարզել ինչն է խանգարում լինել մրցակցային, որովհետեւ Հայաստանում բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ ցանկացած մթերքի համար մենք կարող ենք լինել ավելի արդյունավետ: Ուղղակի պետք է հասկանանք՝ որն է մեր թույլ տեղը»,-ի պատասխան ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանը գյուղմթերքների տոնավաճառ ցուցակով էր եկել: Գյուղացի առեւտրականներին հարցուփորձ անելուց, ծիրան, վարունգ համտեսելուց հետո նախարարը տան համար էլ առեւտուր արեց. կիլոգրամը 1800 դրամով կեռաս գնեց, 50 դրամով վարունգ, լոլիկ ու այլ ապրանքներ ծիրանն էլ՝ նվեր ստացավ:

Նախարարն ասաց, որ փոքրուց էլ ինքն է շուկա գնացել եւ տան առեւտուրն արել, հիմի չի գնում, քանի որ ժամանակը չի ներում:
Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսներից, որոնք հիմնականում Արարատի մարզի Մխչյան, Արեւաբույր, Այգեպատ եւ Մասիսի տարածաշրջանի այլ գյուղերից էին, հետաքրքրվեց, թե ինչպես են կարողանում ապրանքն իրացնել, ինչպիսի խնդիրներ ունեն, ինչ ծավալների են բերք ու բարիքը աճեցնում: Գյուղացիներից ոմանք նախարարին դժգոհեցին, որ իրացման շուկաներ չունեն, այդ պատճառով էլ չեն կարողանում ավելի շատ ցանել ու բերք աճեցնել:
Գյուղացիները նախարարի մոտենալուն պես ապրանքների գները նվազեցնում էին, ավելի պակաս գին էին ասում: Այս մասին նախարարին դժգոհեցին որոշ քաղաքացիներ: Նրանցից ոմանք սկսեցին նախարարի հետեւից շրջել, որպեսզի էժան գներով ապրանք ձեռքբերեն:

Հարցին թե, ինչպես են օգնելու կարկտահարությունից տուժած գյուղացիներին, արդյոք փոխհատուցում լինելու է, պարոն Առաքելյանն ասաց, որ բյուջեն ի վի ճակի չէ, փոխհատուցումներ անելու, պարզապես պիտի այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որպեսզի գյուղացուն հնարավորինս զերծ պահեն վնասներից՝ գյուղատնտեսական ապահովագրություն, հակակարկտային ցանցեր եւ այլն:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե նախորդ տարիներին այս շուկաներում վերավաճառողներ էին հայտնվում, որոնք գյուղացուց էժան գնում էին ապրանքը, թանկ վաճառում, արդյո՞ք վերահսկողություն կա, պարոն Առաքելյանը պատասխանեց՝ գյուղացիական աջակցության մարզային կենտրոններն են կազմակերպում, թե որ գյուղացիներն են գալիս. «Ցուցակագրվում է եւ իրենք գալիս են այստեղ, իրենց հետ էլ մեր ներկայացուցիչը: Այնպես որ, բացառվում է վերավաճառող լինի»:
Նախարարն ասաց, որ Արաբական էմիրություններում նոր շուկաներ են բացվելու մեր տնտեսվարողների համար, որոնք սակայն ջերմոցային տնտեսությունների մասնավորապես հատապտուղային ապրանքներն են սպառելու, քանի որ դրանք ավելի որակյալ ու համաչափ արտադրանք են տալիս:

Նախարարը նաեւ նշեց, որ այսօր այնքան դրսում շուկաներ գտնելու խնդիրը չէ, որքան որակյալ ապրանք արտադրելու. «Դրսի շուկայում բորսայի տիպի տեղ է, պետք է մի չափսի մի տեսակի, մի որակի մեծ քանակ ապահովես: Քանի որ մեզ մոտ այդպիսի խոշոր տնտեսություններ չկան, դրա համար էլ բանակցելը շատ դժվար է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930