Կատարը Պարսից ծոցի միապետությունների շարքում Իրանի հետ նորմալ հարաբերությունների ջատագով և հակաիրանական գործողություններին չմասնակցող ինչ-որ առումով բացառիկ պետություններից է, ինչը հեռանկարներ է բացում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող և մեզ հետ բարեկամական գործակցություն զարգացնող Թեհրանի միջոցով ձևավորելու նաև հնարավոր եռակողմ գործակցության հարթակներ Երևան-Թեհրան-Դոհա ձևաչափով: Մյուս կողմից էլ՝ ռուս-կատարական հարաբերությունները թեև անցել են վայրիվերումների մի քանի շրջաններով, սակայն այժմ գտնվում են սերտացման փուլում՝ հանգամանք, որը լրացուցիչ հնարավորություններ է բացում մեր երկրի առջև, Կատարի հետ բարձր հարաբերություններ պահպանելու միջոցով մեզ համար ակնհայտորեն շահութաբեր կապող օղակի դերակատարության հավակնություններ ունենալ թե՛ տնտեսական և թե՛ մասնակիորեն քաղաքական հարթություններում:
Եվ, ի վերջո, եթե նույնիսկ վերացարկվենք աշխարհաքաղաքական և տնտեսական շահերից, թշնամական շրջափակման մեջ գտնվող մեր պետության համար աններելի շռայլություն կլինի հրաժարվել արաբական այս երկրից մեզ մեկնած բարեկամության ձեռքը սեղմելուց, հատկապես, եթե նույնիսկ Կատարի դեմ վերջերս դիվանագիտական դեմարշներով հանդես եկած որևէ արաբական երկիր Հայաստանի առջև կողմնորոշման խնդիր չի էլ դրել՝ սահմանափակելու մեր դիվանագիտական գործողությունների մանևրի դաշտը:
Այնպես որ, Կատարի հետ հարաբերություններում Հայաստանի գործելաոճում սխալներ փնտրելը և, առավել ևս, «գտնելն» ակնհայտ իռացիոնալ տրամաբանության դրսևորում է, իռացիոնալություն, որը բնորոշ է Արևելքի, շատ դեպքերում, նուրբ մշակույթներին անծանոթ և աշխարհաքաղաքական զարգացումներին զուտ փարիզյան սրճարաններին բնորոշ ռոմանտիզմի, բայց տարօրինակ կերպով միայն սևուսպիտակ ակնոցներով նայելու սովոր մեր մտավորականության որոշ հատվածին: Ի դեպ, դեռևս 19-րդ դարավերջից մեզանում արմատավորված նման իռացիոնալիզմի և ռոմանտիկ հովերի շրջանակում ծրագրավորում իրականացնելու ավանդույթը ժամանակին հանգեցրեց չափազանց տխուր հետևանքների, որոնց կրկնությունը պետք է բացառել՝ պետականությանը բնորոշ ռացիոնալ գործելաոճը պարտադրելով՝ որպես ամենօրյա կենսակերպ:
Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում