Լրահոս
Օրվա լրահոսը

8 միլիարդանոց խորհրդավոր լռություն

Հունիս 10,2017 12:00

Ի՞նչ են մտածում Կարեն Կարապետյանի կառավարությունում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների առնչությամբ

Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսության զարգացման, երկարաժամկետ ծրագրերի, ներդրումների վերաբերյալ ելույթների պակաս չի զգացվում, բայց զարմանալիորեն, երբ առավել առարկայական ուղերձներ են հնչում` մեր իշխանությունները դրանք չլսելու են տալիս:

Մայիսի կեսերին ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով` ամերիկյան եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է, եւ դրանից բխող առավելությունները Հայաստանի համար կարող են արդեն իսկ կիրառելի ու գրպանին հարմար լինել թե՛ այսօր, թե՛ ապագա սերունդների համար: Սա էր այն հիմնական ուղերձը, որ կարմիր թելով անցնում էր մեկօրյա համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ համատեղ:

Համագործակցության հնարավոր ուղիները քննության առնելու համար մեկ հարկի տակ էին հավաքվել վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ եւ շուրջ 70 հայկական ընկերություններ: Մայիսի 17-ին տեղի ունեցած համաժողովը ամերիկյան ընկերություններին թույլ տվեց ներկայացնել կանաչ էներգիայի եւ սմարթ էլեկտրահամակարգերի զարգացման իրենց փորձն ու տեխնոլոգիաները»: Այնուհետեւ մեջբերվում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքը. «Հայաստանը եւ վերջինիս էներգետիկ համակարգը վերջին 25 տարիների ընթացքում մեծ աճ են արձանագրել: Երբ ես մտածում եմ այս ոլորտի առաջիկա 25 տարիների մասին, ոգեւորություն եմ ապրում, քանզի գիտեմ, որ այդ զարգացումները նաեւ այսօր եւ այստեղ ձեւավորվող գործընկերությունների արդյունքն են լինելու»:

Մեկօրյա համաժողովը նպատակ ուներ ամրապնդել ամերիկյան ու հայկական ընկերությունների միջեւ հետզհետե ընդլայնվող կոմերցիոն կապերը եւ Հայաստանի էներգետիկ ոլորտի օպերատորներին ծանոթացնել առաջատար ամերիկյան ընկերությունների հետ, որոնք համաժողովում ներկայացնում էին այս ոլորտում իրենց նորագույն տեխնոլոգիաները: 2010-2015թթ. Հայաստանում հոսանքի արտադրությունը աճել է 20%-ով, որը, ինչպես փաստել էր դեսպան Միլսը, հիմք է տալիս ԱՄՆ դեսպանությանը Հայաստանում ներդրումային հնարավորություններ տեսնելու ամերիկյան ընկերությունների համար: «Ինչպես ձեզնից շատերը գիտեն, մենք այս տարի հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյա հոբելյանն ենք նշում: 25 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարությունում ես նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ կապված հարցերով էի զբաղվում, շատ լավ եմ հիշում այդ ժամանակները: Ձեր մեջ էլ, կարծում եմ, կան այն տարիքի մարդիկ, ովքեր կհիշեն, որ անկախության առաջին տարիներին Հայաստանում էներգետիկ իրավիճակը շատ անկայուն էր»:

Այնուհետեւ դեսպանն ընդգծել էր էներգետիկ դիվերսիֆիկացման ու կանաչ էներգիայի արտադրությունը խրախուսելու ուղղությամբ ՀՀ կառավարության արժեքավոր աշխատանքը, այդ թվում եւ հունվարին կազմակերպված Արեւային էներգետիկայի ներդրումային համաժողովը: Նա հայտնել էր այդ ոլորտում ԱՄՆ-ի ու Հայաստանի գործակցության մասին, մասնավորապես՝ ապրիլին հայաստանյան պաշտոնյաների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար կազմակերպված ճանաչողական այցի մասին դեպի ԱՄՆ, որտեղ նրանց ներկայացվել է արեւային էներգիայի արտադրության լավագույն փորձը: Համաժողովին իրենց փորձը ներկայացնելու եւ Հայաստանում առկա գործարար հնարավորություններին ծանոթանալու համար ներկայացուցիչներ էին գործուղել յոթ ամերիկյան ընկերություններ՝ «Հանիվել Բիլդինգ Սոլյուշենս», «Հանիվել Սմարթ Էներջի», «ՄաքԼին Փաուեր Սիսթեմզ», «Ֆերսթ Սոլար Փաուեր Սոլյուշենս», «Կատերպիլար», «Ջեներալ Էլեկտրիկ» եւ «Կոնտուր Գլոբալ»:

Համաժողովին զեկուցումներով հանդես էին եկել Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Գերմանիայի զարգացման KfW բանկի, Ամերիա բանկի, շվեյցարական Meeco Group-ի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները: «Առաջնորդելով վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման եւ էներգախնայողական ծրագրերին ուղղված աշխատանքները՝ ՀՀ կառավարությունը մշակել եւ ներդրել է մեխանիզմներ եւ ծրագրեր, որոնք թույլ են տալիս զարկ տալ վերականգնվող եւ արեւային էներգիայի աճին Հայաստանում: Իսկ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ, ինչպես եղել է վերջին 25 տարիների ընթացքում»,- նշել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Ավելին` դեսպանը նույն համաժողովում ասել էր, որ Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ հույս էր հայտնել, որ ՀՀ իշխանությունները կստեղծեն ներդրումային հավասար պայմաններ: Այլ կերպ ասած` Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երեւան էին հրավիրվել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչները:
Ակնհայտ է, որ անցկացված միջոցառումը բավական լուրջ էր, եւ նույնքան լուրջ էին դեսպան Միլսի` ՀՀ իշխանություններին հղված ուղերձները, ու դա հասկանալու համար պարտադիր չէ տնտեսագետ լինել: Իսկ ահա Հայաստանի տնտեսության զարգացման, էներգետիկ դիվերսիֆիկացման տեսանկյունից լուրջ վերլուծությունների, պարզաբանումների, մեկնաբանությունների կարիք իսկապես կա, եւ վատ չէր լինի լսել դրանք իշխանությունների կողմից, թեկուզ առայժմ նախնական ուսումնասիրությունների տեսքով:

Վերջին 7 ամիսներին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առնվազն 4 անգամ պաշտոնական հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ` դատելով կառավարության տարածած մամլո հաղորդագրություններից: Հազիվ թե Երեւանում մի քանի շաբաթ առաջ անցկացված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովում ԱՄՆ դեսպանի հայտարարություններն անակնկալ լինեին կառավարության համար:

Ի դեպ, այդ համաժողովից օրեր անց` մայիսի 19-ին, դեսպան Ռիչարդ Միլսն ու վարչապետ Կարեն Կարապետյանը եւս մեկ հանդիպում են ունեցել: Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի եւ համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային եւ մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը անդրադարձել են նաեւ էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին»:

Ի՞նչ են մտածում Կարեն Կարապետյանի կառավարությունում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների առնչությամբ: 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին խոսելը հենց այնպես, օդից չէր ծնվի: 8 միլիարդն էլ հաստատ այն թիվը չէ, որը մեր կառավարությանն առանձնապես չհետաքրքրի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկեր մեր իշխանությունները տարիներով պատրաստ էին սպասել հյուսիսից:

Դեռ մի կողմ թողնենք հարցի քաղաքական մասը, այն, որ ԱՄՆ դեսպանի վերոնշյալ հայտարարությունը փաստում է Հայաստանի զարգացման առումով ԱՄՆ-ի կողմից հետաքրքրվածության մասին: Սա կոնկրետ մի գաղափար է, որի իրագործման պրոցեսը միայն արդեն իսկ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է` ամբողջովին նոր ճյուղերի, ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներով:

Իսկ այն, որ Հայաստանի էներգետիկայի համակարգը, մեղմ ասած, հին է, ոչ մրցունակ, կոռումպացված ու արդիականացման կարիք ունի, այդ մասին շատ է խոսվել: Այսինքն՝ այս դեպքում Հայաստանի կարեւոր ոլորտի արդիականացման, տեխնիկական զարգացման հնարավորության մասին է խոսք գնացել: Բացի այդ, պարզ է նաեւ մեկ այլ բան. եթե նման գաղափար կյանքի կոչվի` կլուծվի նաեւ Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության վերացման հարցը:

Արձանագրենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կողմից արվել է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, անվտանգային նշանակության հայտարարություն: Իշխանությունների լռությունն ուղղակի անհասկանալի է, եթե չասենք՝ տարօրինակ: Ներդրումային այսպիսի ծրագրերը հարմար չե՞ն գործող կառավարությանը, համապատասխան չե՞ն Հայաստանի ունեցած զարգացման ծրագրերին, համահունչ չե՞ն «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքին, թե՞ այլ խնդիր կա:

Աշխարհի ազդեցիկ երկրի դեսպանի մակարդակով արվել է խիստ ուշագրավ հայտարարություն, կարելի՞ է դա չնկատելու տալ: Ի վերջո, որեւէ հոդաբաշխ պարզաբանում, անդրադարձ պետք է հնչի՞ ՀՀ կառավարության կողմից, թե՞ ոչ: Հնչած հայտարարության համատեքստում Հայաստանի էներգետիկ պոտենցիալի ու էներգետիկ ոլորտում ներդրումների հնարավորությունների վերաբերյալ հասարակությանը պե՞տք է ներկայացվեն ուսումնասիրություններ, թե՞ ոչ:

Թե՞ ամեն ինչ բավարարում է ներկայիս կառավարությանը… Դեռ որքա՞ն է Հայաստանի կառավարությունը հասարակությանը սնելու ԵԱՏՄ-ի 170-միլիոնանոց շուկան «գրավելու» շարունակական խոսակցություններով կամ «ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ կամուրջ դառնալու» երազանքներով ապրելու:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 09.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930