Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրապետական պատգամավորի օբյեկտը գյուղը զրկել է խմելու ջրից

Հունիս 10,2017 15:00

Հանրապետական կուսակցության հնաբնակ պատգամավորի ընտանիքին պատկանող օբյեկտները, ինչպես գյուղացիներն են ասում, չարիք են դարձել Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչների համար: Շաքիի հարեւանությամբ գործող ասֆալտի գործարանը, գյուղացիների պատմելով, բացի այն, որ օդն է աղտոտում, ասում են նաեւ՝ գործարանից դուրս եկող կեղտոտ ծուխը նստում է դաշտերի, ցորենի արտերի վրա:

«Շնչելու օդ չկա, խեղդվում ենք, ասֆալտի մշակումից, հենա տեսնում եք՝ ինչ թափով ծուխ ա դուրս գալիս ծխնելույզից, էդ կեղտը գնում, նստում ա ցորենի արտերի վրա, խոտերի վրա, անասուններն են էդ կեղտոտված խոտն ուտում»,- պատմում են գյուղացիները:
Բնակիչները ճանապարհի աջ ու ձախ եզրերի գործարաններն են ցույց տալիս ու ասում՝ «Աչքդ ինչ բռնում ա, իրանն ա՝ պատգամավորինը, դե մարդն ա գալիս-գնում, տիրություն անում, Դավիթ Բեգլարյանը: Էսի ասֆալտի կոմբինատն ա, էն էլ՝ քարի մշակման գործարանը»:

Այս տարածաշրջանում, էլի Շաքիի հարեւանությամբ, Հանրապետական նույն պատգամավորի ընտանիքին պատկանող քարհանքն է եւ բազալտի վերամշակման արտադրամասը, որ, ըստ բնակիչների, կարելի է ասել, գյուղացիներին զրկել է խմելու ջրից:
«Էդ գործարանից դուրս եկող քարի փոշին էլ օդը կեղտոտում ա, գործարանից դուրս եկող ջուրը, որը քարի մշակումից հետո դուրս ա գալիս, գալիս լցվում ա Շաքի գետը, թափվում ա մեր խմելու ջրի ակունքներն ու մեր ջուրը կեղտոտում: Գետում կարմրախայտի «մալյոկ» չի մնացել, այ, ըտենց կեղտոտ ա ջուրը, ահավոր ա վիճակը, սրանցից պրծում չունենք, հեսա քանի տարի ա՝ էս կոմբինատներն աշխատում են մեր առողջության հաշվին»,- ասում են Շաքիի բնակիչները:

Գյուղացիները մեզ ցույց տվեցին այն հատվածը, որտեղ քարի մշակման արտադրամասից խողովակով ջուրը դուրս է գալիս եւ թափվում գյուղի խմելու ջրի ակունքը. այն ամբողջությամբ ցեխաջուր էր, շրջակա հողածածկ տարածքն էլ քարի մշակումից առաջացած փոշու ու արտանետման նստվածքով է պատված:


«Սա հող չի, սա բազալտի նստվածք ա, էդ գործարանից դուրս եկող կեղտաջուրը լցվում ա ավազանների մեջ, մի մասում էլ խմելու ջրի խողովակներն են մնացել էդ բազալտի նստվածքով կեղտաջրերի տակ: Էս նստվածքը էն մյուս տեղերում էլ փակել ա խմելու ջրի ակունքները: Տանը ջրի ծորակը բացում ենք, քարի ջուր ա, մոխրագույն, ցեխակոլոլ ջուր ա գալիս: Հետո էլ իրենք մաքուր ջուրը կաչատ են անում կոմբինատ, մաքուր ջուրը գնում ա, հետո կեղտոտ ջուրը լցնում ակունք, ու իրանց հետաքրքիր չի՝ մենք խմելու ջուր ունենք, չունենք: Մի լուցկու հատիկի չափով ջուր ա ծորում գյուղի մյուս տներում, բայց ուրիշ ակունքից, ու որ «վեդրոն» դնում ենք տակը՝ ժամերով ցվում ա: Իսկ ընենց, որ բացում ենք՝ ցեխաջուր ա»,- մեկը մեկին հերթ չտալով՝ պատմում են գյուղացիները: Շաքիի մեկ այլ բնակիչ էլ պատմում է, որ երեխան պատահաբար խմել է այդ կեղտոտ ջրից, եւ հիմա չեն կարողանում դրա հետեւանքները վերացնել. «Էս ակունքից եկող ջուրը, որը էդ պատգամավոր ա, ինչ ա, դրա գործարանը կեղտոտել ա, իմ երեխեն խմել ա՝ թունավորվել ա, տվել ա ուռել ա ոտները, 2 ամիս ա՝ հիվանդանոցներն ենք, չեն կարում բուժեն»:
Բնակիչները պատմում են, որ երկար ժամանակ դժգոհություններից հետո գյուղի խմելու ջրի խնդիրը մասնակի է լուծվել. «Մեզ «շլանգով» օգնել են, ներքեւից քաշել տարել ենք տները, բայց չի հերիքում, ամառը «վաբշե» համարյա ջրի էրես չենք տեսնում: Մեր ջուրը ստեղից պիտի գա, որ «նապոռ» լինի, իսկ հիմա գյուղի վերի թաղը ջուր չունի»:
«Առավոտի» հետ զրույցում Շաքիի համայնքապետ Վահան Ղազարյանն էլ հաստատում է՝ գյուղում խմելու ջրի լուրջ խնդիր կա, բայց դա գյուղապետը չի կապում Հանրապետական պատգամավորի օբյեկտի հետ:

Գյուղապետ Ղազարյանն էլ Հանրապետական կուսակցության անդամ է:
«Խնդիր ունենք, բայց ձեր նկարագրածը շատ սարսափելի է: Շաքիիում, իրոք, խմելու ջրի լուրջ խնդիր ունենք, որովհետեւ ոռոգման ջուր ընդհանրապես չունենք, ամռանն է այդ խնդիրն առաջանում: Ներքին ցանց չունենք վաղուց: Մասնավոր ուժերով ինչ-որ կարողացել ենք՝ արել ենք, որոշ թաղամասերի խողովակները տարբեր կազմակերպությունների միջոցով փոխել ենք, «պլաստմասի» խողովակներ ենք քաշել, բայց խնդիրը մնացել է, մի թաղամաս ջուր չունի»,- ասում է Ղազարյանը: Գյուղապետը նաեւ նկատում է՝ Շաքին կենտրոնացված ջրամատակարարման խնդիր ունի, երբ քարհանքն ու քարի մշակման արտադրամասը դեռ գոյություն չունեին, գյուղն օգտվում էր մաքուր աղբյուրներից. «Էն ժամանակ գյուղացիք 10-20 ընտանիքով հավաքվել էին՝ կառուցել էդ սիստեմը, մենք էլ հետո վերանորոգել ենք տարբեր կազմակերպությունների միջոցով, բայց մի թաղամաս մնացել է, ու տենց խնդիր կա»:


Ապա գյուղապետը նշում է՝ ամռանն էլ ոռոգման շրջանն է, եւ քանի որ գյուղը ոռոգման համակարգ չունի, գյուղացիներն իրենց տնամերձ հողամասերը եղած խմելու քիչ ջրով են ոռոգում. «Ու առաջանում ա խմելու ջրի լուրջ խնդիրը: Հիմա կենցաղային տեխնիկաներն էլ շատացել են, շատ ջուր են պահանջում՝ լվացքի մեքենա, «կալոնկա», էդ ամենը խմելու ջրով է աշխատում, տենց պակասություն ա տալիս խմելու ջուրը»:
Մեր դիտարկմանը՝ գյուղացիները պնդում են՝ խմելու ջրի սակավությունն ու տեղ-տեղ բացակայությունը քարի մշակման արտադրամասի պատճառով է, կոմբինատը աղտոտում է խմելու ջրի ակունքը, Վահան Ղազարյանն այսպես է արձագանքում. «Կոմբինատն էլ կա, ու էդտեղ էլ խնդիր ունենք: Ճիշտ է, պրոբլեմ կա, բայց էդ աստիճանի չի, ոնց նկարագրում են: Եսիմ ինչ պիտի պատահի, որ դա պատահի: Ասենք՝ գարնանային վարարումներ, սելավներ որ լինեն, ջրերը բարձրանան՝ տենց բան կարող ա պատահի, բայց տարվա մեջ 1-2 անգամ: Հա, մի անգամ, իրոք, եղել ա: Ասում եմ՝ գործարանի խնդիր կա, բայց գյուղացիները շատ են ճոխացնում, էդ գործարանի առաջացրած տիղմը չի հասնում խմելու ջրին»:

Մեր այն դիտարկմանն էլ՝ գուցե Հանրապետական գյուղապետը չի ուզում իր կուսակցական ընկերոջ «խաթրին» կպնել, խնդիրը բարդել նրա արտադրամասի վրա, Ղազարյանը պատասխանում է. «Կուսակցական խնդիր չկա, կուսակցական ընկերն ի՞նչ կապ ունի, որ ինքն էլ, ես էլ Հանրապետական կուսակցությունից ենք, ուրեմն՝ վե՞րջ, գյուղին, ժողովրդին չպիտի՞ նայեմ: Երբ խոսքը իմ գյուղին ու ժողովրդին ա հասնում՝ ուզում ա հանրապետական լինի, թե ինչ, իմ համար մի հաշիվ ա: Ես ոչ ուզում եմ պաշտպանեմ, բայց ոչ էլ ուզում եմ փնովեմ, որ նրանք մեզ վնասում են, էնքան էլ էդպես չի: Բայց որ ուզենան՝ կարան օգնեն, ժողովուրդը ակնկալիք ունի տեղից, ասենք՝ էդ խողովակաշարերը փոխեն, իսկ իրանք էլ չեն անում տենց բաներ: Պասիվ են էդ մասով»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930