«ԵԼՔ» դաշինքը երթեւեկության կարգավորումների
առաջարկներ է ներկայացնելու քաղաքապետին
«ԵԼՔ» դաշինքն առաջիկայում Երեւանի ավագանիում նոր առաջարկներով է հանդես գալու, որոնք մասնավորապես վերաբերում են տրանսպորտին եւ երթեւեկությանը: «Առավոտ»-ին ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց՝ առաջարկում են այն խաչմերուկներում, որոնք առանձնանում են վթարների առատությամբ, երթեւեկության կարգավորման փոփոխություն կատարել, քանի որ վթարները ճանապարհային երթեւեկության սխալ կարգավորումների հետեւանք են: «Մեկը Սարալանջից Հերացի փողոց տանող ճանապարհն է, որտեղ զիջելու նշան կա: Դրա հետեւանքով, երբ վարորդն ուշադրություն է դարձնում Հերացիից եկող մեքենաներին, չի նկատում դիմացի մեքենային եւ բախվում է վերջինիս: Դա, իմ դիտարկմամբ, պարբերական բնույթի վթար է: Մյուս վայրը՝ Գարեգին Նժդեհի եւ Արշակունյաց փողոցների խաչմերուկն է. Գարեգին Նժդեհից եկողները շրջադարձ են կատարում եւ բախվում Արշակունյաց պողոտայից եկող մեքենաներին: Այդտեղ պետք է շրջադարձը արգելող նշան տեղադրել: Մյուս վայրը Տնտեսագիտական համալսարանի դիմացի խաչմերուկն է, որտեղ լուսացույց չկա: Մեքենաներն անընդհատ կուտակվում են, խցանումներ են առաջանում եւ հասնում մինչեւ Մոսկովյան փողոցի խաչմերում: Լուծումը՝ լուսացույց տեղադրելն է»,-մանրամասնեց Դավիթ Խաժակյանը:
Ապա մեկ այլ խաչմերուկում առկա խնդիր մատնանշեց. «Արշակունյաց պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում որքան էլ կարգավորում փոփոխեց քաղաքապետարանը, խցանումները շարունակվում են պահպանվել: Այդ խաչմերուկում կարելի է ներդնել խելացի լուսացույցի համակարգ: Սենսորները գնահատում են փողոցի երթեւեկության ծանրաբեռնվածությունը եւ ըստ այդմ՝ թույլատրում կամ արգելում տվյալ ուղղությամբ հոսքը: Եթե փողոցները հավասարապես են ծանրաբեռնված, լուսացույցն աշխատում է սովորական ռեժիմով: Ես նման համակարգ տեսել եմ «Դիջիթեք» ցուցահանդեսի ժամանակ, որը հեղինակել էին հայ ծրագրավորողները: Աշխարհում այս փորձը կիրառելի է, իսկ մեր մոտ կարելի է սկսել մեկ խաչմերուկից»:
Դավիթ Խաժակյանը նաեւ հայտնեց, որ պատրաստվում են դիմել քաղաքապետին՝ երթեւեկելի հատվածներում տեղադրված աղբամաններն այլ վայր տեղափոխելու առաջարկով, քանի որ դրանք եւս վթարների պատճառ են դառնում: «Կմատնանշենք, թե որտեղ կա նման աղբաման, քաղաքապետարանն էլ կարող է դրա համար ստեղծել «մայթային գրպանիկ» կամ տեղափոխել աղբամանը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
09.06.2017