Եվրամիության դրամաշնորհային ծրագրով 2016թ. Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին՝ Բաղանիս-Ջուջեւան հատվածում, նաեւ՝ Ոսկեվան գյուղում, 6 տեղ բետոնյա կառույցներ էին սարքվել, որի մեջ տեղադրել էին չժանգոտող մետաղից աղբամաններ: Դրանից հետո երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներն աղբը նետում էին ոչ թե միջպետական ավտոճանապարհի եզրին, այլ՝ նշված աղբամանների մեջ:
Սակայն անհայտ անձինք այդ աղբամաններից մի քանիսը եւ դրանց կափարիչները գողացել էին: Այդ ժամանակ Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, բաժնի ոստիկանները գողերին հայտնաբերելու համար երկար ժամանակ դարանակալել էին: 2016թ. օգոստոսի լույսի 21-ի գիշերը Ջուջեւան գյուղի հարավային մուտքի մոտ ոստիկանները տեսել են, թե ինչպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պոկել է աղբամանը եւ այն տեղավորել իր ավտոմեքենայում: Այդ ավտոմեքենան կանգնեցվել է Ջուջեւանի հարեւան Բաղանիս գյուղի տարածքում: Պարզվել է, որ աղբամանի գողը Գավառ քաղաքի 39-ամյա բնակիչ է: Վերջինս ասել էր, որ գողացած աղբամանը տեղադրելու էր Գավառ քաղաքում գտնվող իր առանձնատան բակում:
Ջուջեւան համայնքի վարչական ղեկավար Արթուր Չիլինգարյանն ասաց, որ վերջերս, մի քանի օր առաջ անհայտ անձը գիշերը միջպետական ավտոճանապարհի եզրին, Ջուջեւանի կենտրոնում գտնվող գերեզմանատան մոտ գտնվող աղբամանը դատարկել է աղբից եւ այն գողացել: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քննություն է կատարվում: Ա. Չիլինգարյանը հայտնեց, որ դրամաշնորհային նշված ծրագրով ստացված 28 աղբամանից 4-ը գողացել են, իրենք մնացած աղբամանները բետոնյա կառույցների մեջ բետոնով ամրացրել են, որ դրանք չգողանան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ