«Այդ ակցիան իր ձեւով չէր տարբերվում տիկին Փոստանջյանի մյուս ակցիաներից, բայց մենք մեկնաբանելու նպատակ չենք տեսնում՝ նկատի ունենալով, որ դա իրենց պայքարի ձեւն է, որը մեզ խորթ է, բայց որը մենք հանդուրժողաբար ենք ընդունում»,- ասաց Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ այսօր անցկացրած այլընտրանքային ավագանու նիստին:
«Մենք համարում ենք, որ պետք է պայքարենք բոլոր հարթակներում, խոսքը վերաբերում է ե՛ւ Երեւանի ավագանու նիստերին, ե՛ւ հանձնաժողովների նիստերին, ինչու ոչ՝ փողոցներում աշխատանքներ կատարելիս: Մենք ոչ մի հարթակ բաց չենք թողնելու, մեր գործունեության սկզբունքը լինելու է ներգրավված աշխատանքը բոլոր հարթակներում»,- հավելեց Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, ժամանակը ցույց կտա՝ «Երկիր Ծիրանիի» մոտեցումներն ինչքանով են արդարացված Երեւանի զարգացման ու քաղաքային խնդիրների լուծման տեսանկյունից. «Մենք քննարկում ենք մեր որդեգրած մոտեցումները, եւ կարծում եմ՝ դրանք արդյունավետ են»:
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը չցանկացավ մեկնաբանել «Երկիր Ծիրանի» կուսակցության ակցիան. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քայլերն է որոշում, ինչ պետք է անի, «Երկիր Ծիրանին» որոշել է ավագանու նիստը այսպես անցկացնել, մեկնաբանելը շնորհակալ գործ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ