Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը աղբահանության ոլորտում կարգավորումների անհրաժեշտություն է տեսնում:
«Աղբահանությունը պետք է կարգավորվի երկու ասպեկտով. առաջինը աղբահմանների տեղադրման վայրերին է վերաբերում, դրանք շատ հաճախ տեղադրվում են փողոցների երթեւեկելի հատվածներում կամ բացված վիճակում մայթերին, դպրոցների, բնակելի տների դիմաց ու առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը:
Տարոն Մարգարյանը ամիսներ առաջ այդ հարցը կարգավորելու համար հանձնարարական էր հնչեցրել՝ աղբամանները երթեւեկելի մասից դուրս հանելու մասին, բայց առ այսօր այդ խնդիրը լուծված չէ, եւ մենք մատնանշում ենք , որ այս ոլորտում կարգավորման անհրաժեշտություն ունենք; Մյուս ասպեկտը վերաբերում է որոշ վայրերում աղբի անհասկանալի կուտակումներին, պետք է պարզենք ՝ «Սանիտեկի» ոչ ժամանակին աղբահանություն իրականացնելո՞վ է պայմանավորված, թե՞ աղբի հավաքման գործընթացով, երկու դեպքում էլ քաղաքային իշխանությունն է պատասխանատուն, պետք է պարզել ու կարգավորում տալ»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Խաժակյանը:
Ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ «Սանիտեկը» անհամեմատ ավելի լավ է իրականացնում աղբահանությունը, քան վարչական շրջանների աղբահավաքները, բայց. «Բոլորովին չի կարելի ասել, որ բավարար է, բոլորը գոհ են, ամեն օր Երեւանի տարբեր տեղերում աղբի կույտեր ենք տեսնում, որոնք չպետք լինեն: Փոփոխություն կա, բայց դեռ լավ չէ»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Սանիտեկը» նորմալ աղբահանություն է իրականացնում պարզապես քաղաքացիներին պետք է կոչ անել աղբը գետնին չգցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ