Ամերիկահայ հայտնի լրագրող, գրող Դավիթ Բարսամյանն այսօր հերթական դասախոսությունը կարդաց «Մեդիանախաձեռնությունների կենտրոնում»՝ անդրադառնալով կլիմայի փոփոխություններին եւ այդ համատեքստում մարդկությանը սպառնացող վտանգներին: Դավիթ Բարսամյանը նախ ընդգծեց այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսում է կլիմայական փոփոխությունների փաստը եւ դրանք «սուտ» որակում. «Նա հավատում է, որ կլիմայական փոփոխություններ չկան, ինչը դժվարեցնում է որոշակի օրենքների ընդունումն ու հասարակության համախմբումը: Կլիմայի փոփոխությունները ռիսկի տակ են դնում մեր ապագան»:
Բանախոսը մատնանշեց՝ կլիմայական փոփոխությունների հետեւանքներն արդեն իսկ ակնհայտ են, օրինակ, Եմենում. «այն կլինի առաջին երկիրը, որտեղ թարմ ջրի պաշարները կվերջանան: Հնդկաստանի հյուսիսը եւս համարվում է քիչ ջրային պաշարներ ունեցող: Հիմալայներից սկիզբ առնող ջրերից 300 միլիոն մարդ է կախված: Եթե դրանց պաշարները պակասեն, տարածաշրջանը չի ապահովվի գյուղատնտեսական արտադրանքով: Ինչպես ասում են՝ եթե առաջ ոսկու կամ նավթի համար էին պատերազմում, ապագայում ջրի համար են պատերազմելու»:
Ապա` Դավիթ Բարսամյանը հիշեց Արեւմտյան Հայաստանից գաղթած իր պապերին. «Երբեմն վերապրածներին հարցնում եմ՝ ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանությունը: Բավարար պատասխան չեմ ստանում, բացի ձեւակերպումներից, որ թուրքերը վատն են, որ նրանք եկան-հայերին սպանեցին…Ցեղասպանության տնտեսական պատճառները չեն մատնանշվում: Կարեւոր չէ՝ ֆրանսիացի է, թե գերմանացի, կամ մեկ այլ ազգի, խնդիրը մարդու տեսակն է: Մարդու տեսակից է այսօր գալիս վտանգը: Այն տեսակից, որն անտեսում է կլիմայի փոփոխության խնդիրը»:
Այնուհետեւ Դավիթ Բարսամյանը նշեց, որ իր նախնիները պաշտում էին բնությունը. «Կրոնական տեսանկյունից չեմ խոսում, պարզապես բնությունը սուրբ է, որովհետեւ կյանք է պարգեւում, այն չի կարելի աղտոտել»:
Հեղինակի նախորդ դասախոսության մասին՝ այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ