Լրահոս
Օրվա լրահոսը

Իր մոր եւ կնոջ մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու համար աներոջը գնդակահարել է

Հունիս 09,2017 19:44

Իջեւան քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Արթուր Շահինյանը 2016թ.օգոստոսի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում Իջեւան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր եւ կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու համար վիճաբանության մեջ է մտել Իջեւան քաղաքի Թավրիզյան փողոցի բնակիչ Վաչագան Ակինյանի հետ եւ նրան սպանելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «Չիֆսան» տեսակի որսորդական ողորկափող հրացանով կրակել է նրա որովայնի եւ կրծվանդակի շրջաններին: Ստացած մարմնական վնասվածքներից Վ. Ակինյանը տեղում մահացել է:

Ա. Շահինյանը իր մեղավոր չի ճանաչել, նա ասել է, որ 2007թ. ամուսնացել է իր հարեւանուհու հետ, որից հետո իր կնոջ ծնողները խառնվել են իրենց ընտանեկան հարաբերություններին, աներն իր մոր եւ կնոջ մասին վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել: Ա. Շահինյանը ցուցմունք է տվել, որ մի քանի անգամ ինքը փորձել է դրա համար իր աներոջը զգուշացրել, սակայն ՝ապարդյուն, դրանից հետո որոշել է նրան վախեցնել: 2016թ. օգոստոսի 16-ին Ա. Շահինյանը ընտանի կենդանիներին կերակրելու համար արթնացել է, տեսել է աներոջը, ով ջրվար էր աշխատում, Իջեւան քաղաքի համար ջրամբարից ջուր բաց թողում:

Ա. Շահինյանը բարեւել է աներոջը, վերջինս չի պատասխանել, դրանից հետո նրան ասել է, որ իրեն սպասի, խոսելու բան կա: Ա. Շահինյանը մտել է իրենց տուն, վերցրել որսորդական հրացանը եւ գնացել Վ. Ակինյանի հետեւից: Նա վիճաբանության մեջ է մտել աներոջ հետ, ով չի հերքել իր կողմից արված արտահայտությունները,ավելին, ասել է, որ դրանք ճիշտ են: Ա. Շահինյանն ասել է, որ ինքը վախեցնելու նպատակով, 7-8 մետրից հրացանի փողն ուղղել է Վ. Ակինյանի վրա եւ ասել, որ եթե մի անգամ էլ խառնվի իր ընտանիքի գործերին, ինքը կկրակի ու սեղմել է հրացանի 2 ձգանները: Ա. Շահինյանն ասել է՝ ինքը չի իմացել, որ հրացանը լիցքավորված է եղել, արձակված 2 կրակոցներն իր համար անսպասելի են եղել: Սպանությունից հետո Ա. Շահինյանը փախել է անտառ, սակայն նույն օրը ձերբակալվել է:

Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Ա. Շահինյանը փորձել է պատասխանատվությունից խուսափել, դիտավորյալ սպանության համար նրան մեղսագրված արարքը ապացուցված է համարել: Դատարանը նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել խնամքի տակ մինչեւ 14 տարեկան 2 երեխաների առկայությունը:

2017թ. մայիսի 25-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Արթուր Շահինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ նրան դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930