2017 թ. հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2015 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Գևորգ Խաչատրյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, Գ. Խաչատրյանի իրավահաջորդ Հասմիկ Ավետիսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, տուժողներ Հայկ Հայրապետյանն ու Արսեն Անտոնյանը, մեղադրող Սերգեյ Խաչատրյանը:
Տուժողի իրավահաջորդ Հ. Ավետիսյանն իր ցուցմունքում հայտնեց, որ Գ. Խաչատրյանը մի քանի անգամ բողոքել է համածառայակից Հարություն Մուրադյանից, չնայած, որ նրա հետ ընկերություն է արել: Ապա պնդեց, որ Գ. Խաչատրյանն ինքնասպանություն երբեք չէր գործի, եթե նրա ինքնասիրության դեմ արարք չկատարեին, այնուհետև պատասխանեց կողմերի հարցերին:
Տուժող Արսեն Անտոնյանն իր ցուցմունքում շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ Գ. Խաչատրյանի և ամբաստանյալ Հ. Մուրադյանի միջև ընկերական հարաբերություններ են եղել, և հաճախ ընկերական կատակներ են արել: Նա դատարանում նախաքննության ընթացքում տված ցուցմունքին հակասող ցուցմունքներ տվեց և դա պայմանավորեց նրանով, որ դեպքից հետո հոգեկան ընկճվածության մեջ է եղել և որոշ հանգամանքներ չափազանցված է ներկայացրել:
Մանրամասներն` այստեղ