Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզեցվել է գնումների գործընթացը փոքր, միջին և սկսնակ բիզնեսի համար

Հունիս 09,2017 19:12

Հունիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՖՆ աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի «Գնման ընթացակարգերին մասնակցելու պայմաններում գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ կատարված փոփոխությունները» թեմայով մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է գնման ընթացակարգերին տնտեսավարող սուբյեկտների մասնակցության վերաբերյալ կատարված հիմնական փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են ավելի մատչելի, պարզ և թափանցիկ դարձնել գնման գործընթացները մանր, միջին և սկսնակ բիզնեսի համար: Վարչության պետի խոսքով՝ պետական գնումների ոլորտում կատարված փոփոխություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքները:

«Պետական գնումների արդյունավետության գնահատման համար մրցակցության աստիճանն ամենակարևոր ցուցանիշն է և պետք է նկատել, որ մրցակցությունը զգալիորեն ավելացել է: Եթե 2015 թվականին բաց մրցույթների համակարգում միջին մասնակցությունը մեկ մրցույթի համարեղել է 3.4, ապա 2016 թվականին այն եղել է 6.4 մասնակից: Նույնը վերաբերում է նաև բանակցային և պարզեցված ընթացակարգերին` 2015-ին եղել է համապատասխանաբար 1.9 և 1.5, իսկ 2016-ին` 3.6 և 3.3 մասնակից: Այսինքն` մրցակցության աճ կա, ինչը ոգևորիչէ: Նոր օրենքով նվազեցվել են գնման ձևերը` նախկին 7-ի փոխարեն սահմանված է 4 ընթացակարգ, ինչն էլ միտված է պարզեցնելու ընթացակարգի ընտրությունը գնման գործընթացին մասնակցել ցանկացող տնտեսավարող սուբյեկտների համար», – նշել է Շահնազարյանը:

Անդրադառնալով պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարմանը` Շահնազարյանն ընդգծել է, որ 2015 թվականին այն ընդհանուր համակարգի մեջ կազմում էր 18,7 տոկոս, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը համեմատաբար բարելավվել է և կազմել 7,2 տոկոս: «Այս ամենը խոսում է բյուջետային կարգապահության բարձրացման մասին: Կարծում ենք, որ 2017 թվականին մենք ցուցանիշն էլ ավելի կնվազեցնենք»,-վստահեցրել է վարչության պետը:

Կարևոր բարեփոխումներից է նաև գնումների բողոքարկման խորհրդի ստեղծումը, որը միտված է վերացնել հնարավոր արտադատական բողոքարկման խնդիրները, ինչպես նաև գործում է (010) 289327 հեռախոսահամարով թեժ գիծը՝ գնման ընթացակարգերին մասնակցելու վերաբերյալ սուբյեկտների հարցերին արագ արձագանքելու, էլեկտրոնային գնումների համակարգում գրանցվելու, հայտեր ներկայացնելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար:

Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ նոր փոփոխություններով մինչև 5 մլն. դրամ գնումների կատարման դեպքում այլևս չեն կիրառվում որակավորման չափանիշներ, և արդյունքում նոր ստեղծված կամ փոքր և միջին բիզնեսին հնարավորություն է ընձեռվում ազատ մասնակցելու գնման գործընթացներին:

«Անկախ մրցույթի գնից, եթե մասնակիցը պետական բյուջեի նկատմամբ ունի ժամկետանց հարկային պարտավորություններ, որոնց չափը չի գերազանցում ներկայացվելիք գնային առաջարկի 1%-ը, բայց ոչ ավել քան 50 հազար դրամը, ապա այդ մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին»,-ասել է Շահնազարյանը:

Հնարավորինս նվազեցվել և պարզեցվել են գնման գործընթացների շրջանակում մասնակիցների կողմից հայտով ներկայացվող փաստաթղթերի քանակը և բովանդակությունը:

Սերգեյ Շահնազարյանը նշել է, որ նոր օրենսդրությամբ վերացվել է շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման ընթացակարգը: Արդյունքում ընթացակարգերը ներկայումս կազմակերպվում են մրցույթի կամ գնանշման հարցման ձևով, որոնց կազմակերպման և անցկացման հիմքը www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում հայտարարության հրավերի հրապարկում է: Նշված կայքն ունի նաև բաժանորդագրման հնարավորություն, որն ավտոմատ եղանակով սուբյեկտին ուղարկում է նրա նախընտրված տեղեկատվությունը:

«Եթե ընթացակարգը կազմակերպվում է էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով, ապա հրավերը ավտոմատ եղանակով ուղարկվում է համակարգում տվյալ ապրանքատեսակի մատակարար գրանցված բոլոր մասնակիցներին: Զուգահեռ հրավերը պատվիրատուն հրապարակում է նաև գնումների պաշտոնական տեղեկագրում և համակարգում չգրանցված, սակայն տվյալ ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող սուբյեկտները կարող են ինքնուրույն գրանցվել համակարգում և դրա միջոցով ներկայացնել հայտ: Գրանցման և հայտերի ներկայացման պայմանները հրապարակված են armeps.am և procurement.am հասցեներով գործող ինտերնետային կայքերում»,- ասել է Շահնազարյանը:

Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային աճուրդի ծրագրային ապահովման մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնց շնորհիվ առավել դյուրին կդառնան հիմնական սպառման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ընթացակարգերի կազմակերպումն ու դրանց` տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը: Այդ ծրագիրը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2017թ. ավարտը:

«ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների գործընթացի հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար, գնումների մասին նոր օրենսդրության կիրարկման շրջանակում՝ նախաձեռնել է շուրջ 1000 գնումների համակարգողների համար վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն իրականացվելու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ, մյուս մասը՝ պետական բյուջեի միջոցներով: Սա շատ կարևոր քայլ է գնումների ընթացակարգերը հստակեցնելու և ոլորտում դեռևս գոյություն ունեցող բացերը վերացնելու համար», – նկատել է Շահնազարյանը՝ ամփոփելով, որ այս պահին ամբողջությամբ կանոնակարգվել է գնումների իրավական դաշտը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930