«Կոռուպցիան է Հայաստանը ղեկավարում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում քվեարկության դրված և միաձայն ընդունված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին Արփինե Հովհաննիսյանի եւ կառավարության հեղինակած նախագծին՝ պարոն Իշխանյանը հիշեցրեց, որ մեզ մոտ ընտրություններն անցան համատարած ընտրակաշառքով, ուստի ժողովրդին կաշառք տված իշխանությունները չեն կարող պայքարել ընտրակաշառքի դեմ: Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ կոռուպցիան Հայաստանում ամենուր է. «Այդ մակարդակով է ղեկավարվում ամեն ինչ՝ և՛ գործադիր իշխանությունը, և՛ամբողջ դատաիրավական համակարգը: Բոլորը խոցելի են, բոլորը ղեկավարվում են, բոլորն էլ կոռուպցիայի մեջ են»:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը հիմարություն համարեց. «Ազգային ժողովը պետք է օրենքներ ընդունի ՀՀ քաղաքացիների կյանքը կարգավորելու համար, այնինչ զբաղված է անմտությամբ: Պետությունը հենց նրա համար է, որ կոռուպցիա չլինի, իսկ եթե մեզ մոտ այդպես չէ, ապա հարկավոր է հայտարարել, որ սնանկ է մեր պետության իրավական համակարգը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ