Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով,որը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ողջունում եմ բոլորիդ այս պատմական իրադարձության կապակցությամբ այստեղ գտնվելու և այս գիտաժողովը կազմակերպելու առթիվ: Գաղտիք չէ, որ մեր նախնիները սկսած 11-րդ դարից՝ Անիի կործանումից, Կիլիկյան թագավորության անկումից մինչև Ցեղասպանություն, տարբեր պատճառներով և տարբեր հանգամանքներում բռնել են գաղթի ճամփան: Ամենահատկանշականն այն է, որ գաղթականների մի ստվար մաս, հաստատվելով Ղրիմում, ապա տեղափոխվելով Լվով, այդ տարածքներում թողել են հայկական մնայուն հետք, ստեղծել պատմամշակութային կոթողներ, հուշարձաններ: 1990-ականներին, երբ մարդկանց տեղաշարժերն աշխարհում դարձան սովորական երևույթ, Հայաստանից ևս տեղաշարժեր եղան դեպի Լեհաստան: Այսպիսով՝ այսօր մենք ունենք 50 հազարանոց լեհահայ համայնք, որը հիմա բավականին ինքնակազմակերպված, համախնբված է, ունի իր հոգևոր կենտրոնը, դպրոցները, համայնքի կենսունակությունը ապահովող այլ կառույցներ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարն ընդգծեց նաև, որ այսօր հայ-լեհական հարաբերությունները առավել են սերտանում, զարգանում են գործարար կապերը, և այդ ամենում իրենց դերակատարությունն ունեն լեհահայ համայնքի ներկայացուցիչները ևս:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին թեման բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար: «Հայոց պատմությունը ստեղծվում է նաև Հայաստանից դուրս՝ աշխարհի այն 119 երկրներում, որտեղ մենք ունենք հայկական համայնքներ: Այդ համայնքների պատմությունը մեր պատմության մի մասն է, և ես կոչ եմ անում այստեղ ներկա գիտնականներին խորապես ուսումնասիրել մեր պատմության այդ կարևոր հատվածը ևս»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, խոսելով լեհահայ համայնքի անցյալի և ներկայի մասին, նկատեց, որ հայերը դարեր շարունակ ունեցել են կայուն համայնք և նկատելի ներկայություն այժմյան Ուկրաինայի և Լեհաստանի սահմաններում գտնվող հայտնի քաղաքներում: «Ուղիղ 650 տարի առաջ Կազիմիր 3-րդ թագավորը Լեհաստանի հայերին ներքին ինքնիշխանություն շնորհեց, սակայն պետք է հաշվի առնել, որ հայ համայնքն ու եկեղեցին գոյություն են ունեցել դրանից մեկ-մեկուկես դար առաջ»,-ասաց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոսը:
Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը: Ներկայացնելով 16-18-րդ դարերում լեհահայոց գրականությունը՝ Վարդան Դևրիկյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ լեհահայ համայնքը, կազմված լինելով Անիից, Կիլիկիայից և Օսմանյան կայսրությունից եկած գաղթականների մի քանի սերնդից, ունեցել է բազմաշերտ լեզվական համակարգ, որն իր անդրադարձն է գտել նաև գրականության մեջ: «Հայերենով ստեղծված գրականության կողքին գրվել են գրական երկեր լեհերենով և լատիներենով: Լեհահայերը հռչակված էին նաև իրենց տարգրությամբ»,-նշեց ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրենը:
Զեկուցումներով հանդես եկան նաև ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Հերիքնազ Որսկանյանը («Հայ միջնադարյան ազատագրական լեգենդի արտացոլումը լեհահայ միջավայրում 17-րդ դարում»), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի Արևելյան Եվրոպայի հայկական հուշարձանների ուսումնասիրման ծրագրի ղեկավար Սահակ Վարդանյանը («Հայկական եկեղեցիները պատմական Ռեչ Պոսպոլիտայի տարածքում»), ԳԱԱ Գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի վարիչ Սիրանուշ Մարգարյանը («Հռիփսիմյանց նահատակության» թեման լեհահայոց բեմում»), ԵՊՀ պատմության ինստիտուտի գիտաշխատող Հովհաննես Ալեքսանյանը («Լեհաստանի և մերձբալթյան տարածաշրջանի հայ համայնքներն արդի փուլում»), Երևանի Մատենադարանի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանը («Լեհահայ գրչությունը Հայաստանի և արտերկրի հավաքածուներում»), ՀԱՊ Հայ գեղանկարի բաժնի ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը («Ստեփանոս Լեհացու կյանքն ու գործունեությունը»):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ