«Ելք» խմբակցության ղեկավարն ասում է՝ հանուն Երեւանի խնդիրների լուծման կարող են համագործակցել «Երկիր Ծիրանիի» հետ
Այսօր Երեւանի ավագանու նոր կազմով առաջին նիստն էր: Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Երկիր Ծիրանին» քաղաքապետարանի պատերից դուրս ավագանու նիստ արեց, այսինքն՝ բոյկոտեց նիստը:
Իսկ այդ ընթացքում քաղաքապետարանի նիստերի դահլիճում ավագանու անդամները 4 հանձնաժողովների նախագահներ եւ նախագահի տեղակալներ ընտրեցին:
Նշենք, որ Դոնթի բանաձեւով ավագանիում «Ելքին» մեկ հանձնաժողովի նախագահություն է հասնում: «Ելք»-ն առաջարկեց մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունն իրենց տալ՝ Արայիկ Հարությունյանին էլ առաջարկեցին նախագահ:
ՀՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց Հարությունյանի թեկնածությանը, ինչպես որ «Ելքն» էլ ձեռնպահ քվեարկեց ՀՀԿ-ի մյուս 3 հանձնաժողովների հանրապետական թեկնածուներին: Այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանն ընտրվեց այդ հանձնաժողովի նախագահ, իսկ տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Սիրունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Մյուս 3 հանձնաժողովների նախագահները ՀՀԿ-ից ընտրվեցին: Երբ ՀՀԿ-ն ներկայացնում էր իրենց թեկնածուների կենսագրությունը, «Ելքից» Անահիտ Բախշյանը զարմացավ եւ դժգոհություն արտահայտեց՝ «Մերոնց կենսագրությունն ինչո՞ւ չկա, Արայիկի կենսագրությունն ինչի չկա»:
Բախշյանի զարմանքը ՀՀԿ խմբակցության որոշ անդամների մոտ ծիծաղ առաջացրեց: Պարզվեց՝ իրենց թեկնածուների կենսագրությունը ներկայացնելը պարզապես ՀՀԿ-ի նախաձեռնությունն է, եւ այն պարտադիր պայման չէ, կանոնակարգով նման բան սահմանված չէ:
Մանրամասն՝ տեսանյութում
Ավագանու նիստից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ թե ի՞նչ կարծիք ունի «Երկիր Ծիրանիի»՝ նիստը բոյկոտելու նախաձեռնության մասին, արդյոք հնարավո՞ր է «Ելքը» համագործակցի «Երկիր Ծիրանիի» հետ: Այս հարցերին ի պատասխան Խաժակյանն ասաց. ««Ելք» խմբակցությունը որոշել է ակտիվ պայքարել հնարավոր բոլոր հարթակներում Երեւանի խնդիրները լուծելու համար: Որեւէ այլ խմբակցության գործունեություն ես մեկնաբանելու նպատակ չեմ տեսնում: Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք քաղաքային խնդիրները լուծելու նպատակով համագործակցել «Երկիր Ծիրանիի» հետ:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ