Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար իրականացված դրամահավաքին մասնակցություն են ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը

Հունիս 09,2017 17:05

Այսօր՝ հունիսի 9-ին տեղի ունեցավ «Yell Extreme Park» նախագծի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, ներկայացրեց աշխարհում ամենաերկար զիփլայնի կառուցման առաջիկա աշխատանքային ժամանակացույցը.

«Ճարտարապետական հատվածը գրեթե ավարտված է: Բուն շինարարությանը մենք կանցնենք հունիս ամսվա 20-ից հետո, քանի որ դեռ բանակցություններ ենք վարում երկու շինարարական կազմակերպությունների հետ: Ինժեներական տեսանկյունից այն բավականին բարդ նախագիծ է. կան 15 կարևոր չափանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Ունենք Ֆրանսիայից և Ավստրիայից խորհրդատուների մեծ թիմ, ովքեր մեզ աջակցում են տեխնիկական մասով, ճարտարապետը և գլխավոր կոնստրուկտորը Վրաստանից են: Եթե նախագծի կառավարման և իրականացման աշխատանքներն ընթանան նախատեսված ժամանակացույցով և այնպես ինչպես պլանավորել ենք, շատ մեծ ցանկություն ունենք և նախատեսում ենք աշխարհի ամենաերկար զիփլայնը շահագործման հանձնել հուլիս ամսվա վերջում, սակայն բացման հստակ ժամկետներ կկարողանանք ասել միայն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում»:

Խոսելով «Yell Extreme Park» նախագծի՝ Արցախում գործունեության և առաջիկա միջոցառումների մասին՝ Տիգրան Չիբուխչյանը նշեց.
«Մենք երկար ժամանակ էինք քննարկում Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ մեր համագործակցությունը: Արցախն ունի հրաշք բնություն և զբոսաշրջության ոլորտում զարգացման մեծ պոտենցիալ: Ընդհանուր քննարկումների արդյունքում որոշվեց օգտագործել Արցախի լավ ենթակառուցվածքներ ունեցող կառույցները: Ստեփանակերտն ունի հրաշալի օդանավակայան, որն ամեն վայրկյան պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներ և ինքնաթիռներ: Այնտեղ կան 2 փոքր ինքնաթիռներ, ունենք հմուտ և փորձառու օդաչու՝ Սամվել Թավադյան: Այսպիսով, որոշեցինք այն ծառայությունը, որն արդեն 3 տարի է գործում է, և որի մասին հիմնականում գիտեին Ստեփանակերտի և Արցախի բնակիչները, դարձնել գրավիչ զբոսաշրջիկների համար»:

Տիգրան Չիբուխչյանը հավելեց, որ Արցախում երիտասարդական կյանքի աշխուժացման, երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպման, Արցախում զբոսաշրջության և բիզնեսի զարգացման նպատակով շարունակելու են ընդլայնել իրենց գործունեությունը՝ ընդհուպ մինչև Արցախում «Yell Extreme Park» արկածային գոտու ստեղծում: Իսկ մինչ այդ՝ հունիսի 17-ին «Yell Extreme Park»-ը նախաձեռնում է «Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնը, որի ընթացքում օդ են բարձրացվելու Արցախի թեթև ավիացիայի երկտեղանի ինքնաթիռը, օդապարիկ, պարատրայկ: Այն կազմակերպվելու է Արցախի թեթև ավիացիայի օդանավակայանի տարածքում, ուղեկցվելու է երաժշտությամբ, արկածային զբաղմունքներով:

Ամփոփելով և ներկայացնելով աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար Indiegogo միջազգային հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքները «Yell Extreme Park» նախագծի մարքեթինգի ղեկավար Գեղամ Վարդանյանը նշեց.
«Դրամահավաքի արդյունքում մենք գերազանցեցինք մեզ անհրաժեշտ 20 հազար դոլարը՝ հավաքելով 22, 165 հազար դոլար և գրանցելով 111% արդյունք: Դրամահավաքին ունեցել ենք 310 մասնակից և 315 փոխանցում: Փոխանցումներ եղել են աշխարհի 21 երկրներից: Ամենաակտիվը, իհարկե, Հայաստանն էր՝ փոխանցումների 70%-ը, երկրորդ և երրորդ տեղերում են ՌԴ-ն և ԱՄՆ-ն, և եթե դրանց գումարենք նաև Վրաստանը, ապա կունենանք այս 4 երկրներից ընդհանուր 93 % ներգրավվածություն»:

Դրամահավաքին մասնակցություն են ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ինչպես նաև անհատ գործարարներ և տեղական տարբեր կազմակերպություններ:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930