Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Երեւանի ավագանու նոր կազմով առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ֆիրդուսիի» առեւտրականների դժգոհություններին, ասաց, որ իր տեղակալ Դավիթ Օհանյանը բանակցում է առեւտրականների հետ:
Քաղաքապետը վստահեցրեց, որ «Ֆիրդուսիի» առեւտրականների համար ստեղծելու են հարմարավետություն՝ առեւտուրն իրականացնելու համար. «Մենք դեմ ենք, երբ առեւտրականներին, որ օրվա հացի խնդիրն են լուծում, փորձենք միանգամից արգելել: Դրա համար բանակցում ենք այլ շուկաների հետ, որ իրենց համար տեղեր հատկացնեն, որ կարողանան առեւտուր իրականացնեն»:
Տարոն Մարգարյանն ասաց, որ բանակցությունները դեռ շարունակվում են՝ «Այդ առեւտրականները նաեւ մեր երեւանցիներն են, եւ փորձելու ենք ընդհանուր հայտարարի գալ, որ մեր ոչ մի քաղաքացի դրանից նեղություն չկրի»:
Քաղաքապետի խոսքերով՝ «Դուք գիտեք՝ վերջին 15 տարիներին ինչքան բողոքներ կան «Ֆիրդուսի» թաղամասի հետ կապված՝ բնակիչների, իրացման գոտի եւ քաղաքացիներ՝ վարձով այլ բնակարաններում: Դրա համար ներդրողներ կան, օր առաջ ուզում ենք ավարտին հասցնենք ու այդ թաղամասը գեղեցիկ թաղամաս դառնա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ