ՀՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թ.-ն, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Մեկնել է օպերատիվ խումբ, որտեղ դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ և ըստ իր խոսքերի, նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին «Կաթի գործարան»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վ. Թորոսյանին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության»:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը ավելի վաղ հերքել էր լուրերը, որ Հրազդանում վթարի պատճառ դարձած մեքենայի ղեկին եղել է քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին:
«Ոչ, չկա այդպիսի բան: Լսեք, վերջին հաշվով դժբախտություն է պատահել, պետք չէ այդքան ծամծմել, արծարծել»,-Panorama.am-ին ասել էր նա:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան պատկանում է Հրազդանի քաղաքապետարանին: