Հունիսի 8-ի երեկոյան Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում քուրդ գրոհայինները հրթիռային հարձակում են գործել թուրքական «Skorsky» տեսակի ռազմական ուղղաթիռի վրա:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել տեղի ռազմաբազայի հյուսիսային հատվածում: Ուղղաթիռի անձնակազում կորուստներ չկան:
Նշվում է, որ ուղղաթիռը հրթիռակոծվել է Քովան կոչվող բարձրունքից այն պահին, երբ պետք է վայրէջք կատարեր տեղի ռազմաբազայի կենտրոնական հատվածում: Սակայն դա անել չի հաջողվել:
Դեպքի վայր են ուղարկվել թուրքական «Kobra» տիպի ռազմական ուղղաթիռներ, որոնք լայնամասշտաբ գործողություն են սկսել տեղանքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների հայտնաբերման և վնասազերծման նպատակով:
Աղբյուրը տեղեկացնում է, որ անցած ամիսներին տեղանքի քարանձավներից մեկում հայտնաբերվել էր PKK-ի զինյալների պատկանող մեծ թվով զենք ու զինամթերք՝ այդ թվում նաև «Doçka» և «Kaleşnikof» տեսակի գնդացիրներ և ինքնաձիգներ:
Աղբյուր` Ermenihaber.am