«Իրանում պայթյունի ձայնը մեզ մոտ կարող է լսելի լինել»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հունիսի 7-ին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը` երբ Մեջլիսի շենքում և Այաթոլա Խոմեյնիի դամբարանում պայթյուններ որոտացին, Հայաստանի վրա նման ազդեցության մասին նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հայտարարել էր, որ երբ Իրաքում լինում են ավազային հողմեր, Հայաստանում` Երևանում, գալիս են դեղին անձրևներ: Այս առիթով տիկին Ալավերդյանն ասաց. «Հիմա մենք խոսում ենք ոչ թե Իրաքի, այլ Իրանի մասին: Իրանն ամենաապահով երկրներից էր, բայց այժմ այն էլ է վտանգված: Ըստ փորձագետների` Հայաստանն էլ է ամենաապահով երկրներից մեկը, բայց եթե Իրանը, անգամ եթե Ադրբեջանն է վտանգված, սա նաև մեր խնդիրն է»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն անհանգստացած է Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ առանց վիզայի այցելություններով, որոնց ավելացել են Իրանը եւ Արաբական էմիրությունները:
Տիկին Դանիելյանն առաջարկեց վերանայել Քաթարի հետ կապված որոշումը. «Դա ի սկզբանե դրական գործընթաց էր: Սա աջակցում է տնտեսությանը, տուրիզմի զարգացմանը: Քաթարն ավելի բաց երկիր է: Բայց այսօրվա ահաբեկչության պայմաններում այդ լիբերալիզացումը վտանգավոր է մեզ համար և հատկապես մեր և Մերձավոր Արևելքի երկրների հետ կապված»:
Լարիսա Ալավերդյանը Քաթարի հետ հարաբերությունների առիթով նշեց, որ եթե մարդկությանը վտանգ է սպառնում, այդ դեպքում անգամ մարդու իրավունքները կարող են ժամանակավորապես սահմանափակվել, իհարկե, եթե չանցնեն այն սահմանները, որոնք պահանջվում են և ժողովրդավարության սկզբունքներին հարված չհասցվի: Նա փաստեց, որ պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը, սա ոչ թե դեմ է որևէ պետության հետ հարաբերություններին, ինքնաշրջափակում է, այլ սա մեկ աստիճան անվտանգության, հսկողության բարձրացում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ