Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի նորընտիր ավագանին կազմավորել է մշտական հանձնաժողովներն ու ընտրել նախագահներին և տեղակալներին

Հունիս 09,2017 16:05

Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգի համաձայն, Երևանի ավագանին հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Սուրեն Ներսիսյանը և Արմեն Երեմյանը, «ԵԼՔ» խմբակցությունից՝ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը:

Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը: Ըստ այդմ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում: Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին` ժամը 11:00-ին, Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արմեն Երեմյանը: Ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը: Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ «ԵԼՔ» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, տեղակալ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ռուզաննա Սիրունյանը:

Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930