Այսօր Երեւանի ավագանու առաջին նիստն էր նոր կազմով: Նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչո՞ւ պաշտոնանկ եղավ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ասաց, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, քաղաքական ենթատեքստ չկա, Սողոմոնյանը պատճառաբանել է՝ «Ինքը ինստիտուտում դաս է տալիս, ժամանակի խնդիր ունի եւ խնդրեց, որ ազատվի աշխատանքից»:
Aravot.am-ի այն հարցին՝ նոր պետը՝ Աննա Ստեփանյանը, ինչպես «Իրազեկ քաղաքացիների միավորումն է» հայտարարել, ընտրություններում կեղծ դիտորդ է եղել, եւ նա ՀՀԿ-ի համար ընտրություններին ծառայություն է մատուցել, Մարգարյանն այսպես պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Նոր պետը լավագույն դպրոցի տնօրեններից է եղել, եւ մենք նախընտրել ենք դպրոցի տնօրեններից լինեն, որ խնդիրներին լավ ծանոթ լինեն»:
Մեր այն հարցին էլ՝ արդյոք Տարոն Մարգարյանն իրեն այսօր զգաց դժոխքում, քանի որ ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը խոստացել է քաղաքապետի աշխատանքային օրերը դժոխքի վերածել, Մարգարյանը պատասխանեց. «Ես տիկին Փոստանջյանին չտեսա, որ զգայի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մարգարյանն ասաց, որ թեեւ Փոստանջյանը՝ քաղաքապետի կյանքը դժոխքի վերածելու մասին սպառնացել է, բայց այսօր ավագանու նիստերը շատ հանգիստ անցան:
Անդրադառնալով Փոստանջյանի՝ այսօր ավագանու նիստը բոյկոտելուն, քաղաքապետն ասաց, որ դա իրենց իրավունքն է. «Իսկ մենք շարունակելու ենք աշխատել ըստ սահմանված կարգի, Երեւանի մասին օրենքով եւ ավագանու կանոնադրությամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ