Ռուսաստանի պետդումայում օրինագիծ են մտցրել, որով նախատեսվում է արգելել արգելված կայքերի սահմանափակումները շրջանցող ծառայությունները: Խոսքը տարբեր տեսակի միջնորդների մասին է, որոնք հնարավորություն են տալիս արտասահմանյան սերվերների միջոցով մուտք գործել արգելված էջեր: Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է արգելել որոնողական համակարգերին ցույց տալ արգելված էջերի հղումները:
Ինչպես է աշխատելու
Բավականին պարզ: Օրենքում հստակ կնկարագրվի, որ տարբեր ծառայությունները (օրինակ, անոնիմայզերները), ցանցերը (օրինակ, VPN) և ծրագրերը (օրինակ, Tor և Opera) չեն կարող ռուսներին հասանելիություն տալ արգելված կայքերին: «Ռոսկոմնադզորը» կսկսի հետևել այդ ծառայություններին և ցանցերին: Եթե գերատեսչությունը պարզի, որ որևէ ծառայություն, ցանց կամ ծրագիր թույլ է տալիս ռուսներին մուտք գործել արգելված կայքեր, սեփականատերերից կպահանջեն թույլ չտալ ռուսներին մուտք գործել արգելված կայքեր: Եթե մեկ ամսվա ընթացքում այդ պահանջը չկատարվի, «Ռոսկոմնադզորը» կսկսի արգելափակել նրանց սերվերները, որոնց օգնությամբ օգտատերերը շրջանցում են արգելափակումը, և այն կայքերը, որտեղ նրանք տեղադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը: Գերատեսչությունը կկազմի արգելված ռեսուրսների հատուկ ցուցակ և այն կտրամադրի անոնիմայզերների և VPN-ցանցերի տերերին, որպեսզի նրանք իրենք կարողանան հետևել՝ արդյոք ռուսներին արգելված կոնտենտ տրամադրում են, թե՝ ոչ:
Ինչ վերաբերում է որոնողական համակարգերին
Ամեն ինչ շատ հեշտ է: Այսօր Yandex-ին, Google-ին և մյուս որոնողականներին արգելված չէ ցույց տալ արգելված էջերի հղումները: Այժմ նրանց ցանկանում են արգելել Ռուսաստանի օգտատերերին ցույց տալ այդ հղումները: Նրանց նույնպես կտրամադրվի արգելված ցանկերի ցուցակը, իսկ օրենքը շրջանցելու դեպքում որոնողական համակարգերը կտուգանվեն 500-700 հազար ռուբլու չափով:
Եթե աշխատավայրում VPN է
Օրինագծում բացառություն է արված այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են սեփական VPN և արգելափակումները շրջանցելու այլ միջոցներ՝ պայմանով, եթե այդ միջոցները հասանելի են միայն աշխատակիցներին:
Ինչ վերաբերում է Tor-ին
Այո՛, Tor-ը նույնպես կընկնի արգելքի տակ: Իշխանությունները կարող են արգելափակել բաց սերվերները, որոնց միանում են օգտատերերը:
Ի՞նչ անել: Հնարավոր չէ՞ շրջանցել արգելափակումը
Այսպես թե այնպես, արգելափակումը հնարավոր կլինի շրջանցել, պարզապես մի փոքր գործը կբարդանա: Հիմա դժվար է այդ հարցին հստակ պատասխանել, քանի որ դեռ հայտնի չէ՝ ինչ տեսքով կընդունվի օրինագիծը (միաժամանակ կասկած չկա, որ այն կընդունվի) և ինչպես կկիրառվի: Բայց շրջանցելու ձևեր կգտնվեն:
Օրինակ, Tor-ը բանալիների բաց ցուցակից բացի՝ ունի մշտապես թարմացվող սերվերներ, որոնց միջոցով հնարավոր է հասանելիություն ստանալ անհրաժեշտ կայքերին:
Բացի այդ, գոյություն ունեն արգելափակումը շրջանցելու այլ միջոցներ, օրինակ` կարելի է օգտագործել ոչ թե պարզապես VPN, այլ կրկնակի VPN: Օրինակ, դուք միանում եք ինչ-որ սերվերի, օրինակ, Հոլանդիայում, իսկ հետո, նորից VPN-ով, Դանիայի սերվերի: Եվ դանիական սերվերը ձեզ համարում է Հոլանդիայի օգտատեր, չնայած իրականում դուք գտնվում եք Ռուսաստանում: Այդ սխեման կաշխատի նույնիսկ այն դեպքում, երբ երկու VPN-սերվիսներն էլ հետևեն ռուսական օրենքին և սահմանափակեն ռուս օգտատերերի հասանելիությունը:
Ինչու՞ օրինագիծը կընդունվի…
-քանի որ օրինագիծը բավականին մշակված տեսք ունի,
-քանի որ այն պետդումա են մտցրել միանգամից երեք խմբակցությունների, այդ թվում -«Եդինայա Ռոսիայի» պատգամավորներ,
քանի որ իշխանությունները վաղուց են մտածում այդ ուղղությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ