Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու նախադրյալներ չի տեսնում:
«Այսօր չեմ տեսնում այն ներուժը Ադրբեջանի զինված ուժերում, որը թույլ կտար Ալիեւին ենթադրել, որ կարող է պատերազմ սկսել ու հաջողության հասնել այդ պատերազմում, եթե իրավիճակի սթափ գնահատական լինի Ադրբեջանում, նրանք կխուսափեն պատերազմից, կփորձեն շահարկել պատերազմի վտանգը քաղաքական կամ փորձագիտական շրջանակներում, ինչպես դա արվեց Միջազգային ճգնաժամային խմբի հայտարարության միջոցով»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, ադրբեջանցիները պատերազմ սկսելու հնարավորություն չունեն, բայց փորձում են դրա իմիտացիան ստեղծել՝ սահմանային լարվածությամբ, աղմկոտ դեպքեր անելով կամ փորձագիտական տարբեր գնահատականներ բարձրացնելով. «Ամեն ինչ անում են, որ պատերազմի մասին զրույցը լինի, բայց պատերազմը, որպես այդպիսին, չլինի: Բոլորիս շատ լավ հայտնի է, թե ինչ խումբ է Միջազգային ճգնաժամային խումբը, հայտնի է՝ այդ խմբի ղեկավարների՝ թուրքական ու ադրբեջանական լոբբիստական ընկերությունների հետ փոխկապակցված լինելն ու նրանց շահերը սպասարկումը: Ադրբեջանին պետք է, որ աշխարհը խոսի պատերազմի մասին, որ գոնե այդ ձեւով փոխվի այն իրավիճակը, որը ստեղծվել է բանակցային գործընթացում: Ալիեւի խոսքով, իր վրա ճնշում են գործադրում, որ ճանաչի Արցախի անկախությունը: Նրան պետք է իրավիճակի փոփոխություն, իսկ այս պարագայում իրավիճակ հնարավոր է փոխել միայն պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով, պատերազմի ռեսուրս չունեն, սպառնալիքն իրականացնում են բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ միջազգային ճգնաժամային խմբի տարբեր փորձագիտական ու լոբբիստական կառույցների ու զեկույցների միջոցով»:
Քաղաքագետի խոսքով, նշված զեկույցը ուշադիր կարդալիս ակնհայտ է դառնում, որ փաստերի վրա հիմնված որեւէ լուրջ վերլուծություն չկա, ընդամենը պատերազմի ահաբեկում կա. «Արցախի սահմանում իրավիճակը լարված է 2014 թվականից, դա արդեն իսկ նախադրյալ է հնարավոր ցանկացած զարգացումների: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը բավականին մեծ կորուստներ ունեցավ քաղաքական տարբեր հարցեր շահարկելու հարցում, բանակցային գործընթացի ընթացքում, նման պատերազմը Ադրբեջանին պետք էր իրավիճակը շտկելու համար, հնարավոր է այդ պատերազմը պետք էր Ադրբեջանին նաեւ ներքին խնդիրները լուծելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ