Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը քաղաքապետարանի շենքի դիմաց ավագանու նիստ անցկացրեց (Տեսանյութ)

Հունիս 09,2017 14:16

«Երկիր Ծիրանի» խմբակցությունն այսօր բոյկոտեց Երեւանի ավագանու նիստը: Այս խմբակցությունը, ինչպես ասաց «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց ավագանու զուգահեռ նիստ անցկացրեց: «Երկիր Ծիրանին» այս նիստին ներկայացել էր փուչիկներով, որոնց վրա գրված էր՝ ՀՀԿ:

Փոստանջյանը ներկայացրեց այս խմբակցության մասնակցության բանաձեւն ավագանու նիստերին: Ըստ այդմ, «Երկիր Ծիրանին» օգտվելով իր լիազորություններից կազմակերպելու է մարդկանց եւ կազմակերպությունների ներգրավվածությունը խորհրդատվական գործընթացներին, հանրաքվեների հարուցմանը, պահանջագրերի եւ միջնորդագրերի ներկայացմանը, տեղական իշխանությունների պաշտոնական փաստաթղթերի ձեռքբերմանը, քննարկելու է եւ արձագանքելու է տեղական իշխանությունների եւ տեղական հանրային ծառայությունների վերաբերյալ ստացված բողոքները եւ առաջարկությունները, դիմելու է վարչական դատարան՝ ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցերով, ներկայացնելու է հաղորդում հանցագործության վերաբերյալ իրավապահ մարմինների ավագանու եւ քաղաքապետի ակտերի անօրինականության վերաբերյալ:

Մանրամասն՝ տեսանյութում

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Մեր լիազորությունների մեջ է մտնում ունենալ հանդիպումներ Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Մենք ոչ միայն հանդիպումներ ենք ունենալու քաղաքացիների հետ, այլեւ նրանց միջոցով պատրաստելու ենք բոլոր այն հարցերի քննարկումն ու դրանց լուծում տալու հնարավորությունը: Սա կամավոր աշխատանք է եւ վարձատրվող չէ: Այդ նիստերն առանց այն էլ տեղի են ունենալու, մենք ունենալու ենք 12 նիստ բոլոր վարչական շրջաններում: 4 հանձնաժողովներում ներգրավված են լինելու մեր ավագանու անդամները»:

Փոստանջյանը խոստացավ, որ վերահսկելու են Երեւան քաղաքի բյուջեն.«Պետք է բռնենք այս կրիմինալ իշխանության ձեռքը եւ պետք է հասնենք նրանց պատասխանատվության կանչելուն եւ նրանց նկատմամբ արդարացի պատիժ կիրառելուն: Դուք բոլորդ գիտեք, որ Երեւանի բյուջեն չարաշահումների միջոցով յուրացվում է, նաեւ բազմաթիվ պաշտոնյաներ այս բյուջեի հիմքի վրա հարստանում են»:

Մինչ Փոստանջյանը ներկայացնում էր իրենց բանաձեւը, քաղաքապետարանում ավագանու նիստն էր ընթանում, որի օրակարգի նախագծերը հանրությանը չէր վերաբերում.«Այդ օրակարգը հետաքրքրում է հանցագործ իշխանությանը՝ ՀՀԿ-ին, այդ օրակարգը երեւանցիներինը չէ, այլ՝ ՀՀԿ-ինը: Այդտեղ նշված են Երեւանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր: Անհասկանալի է՝ ինչ կազմակերպչական հարցեր են, հավանաբար, նորից մեր հանրային գումարների մասին է խոսքը, թե որքան գումար պետք է ծախսվի, եւ այս հանցագործ իշխանությունները որքան գումար պետք է ծախսեն իբրեւ թե երդման արարողությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930