Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու թատերական հրապարակի մոտ գտնվող շախմատի դպրոցի մոտ: Տեղի բնակիչները լսել էին նաև կրակոցների ձայներ ու ճանաչել, որ վիճաբանողները «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանը, խոսքը Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանի մասին է, որը եղել է գազի գրասենյակի տեղամասի պետ:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. Այսինքն՝ խուլիգանություն կատարելն ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում անձանց գտնվելու վայրը պարզելու ու վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ