Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը՝ Ադրբեջանի հրետակոծությունից հետո. ինչպե՞ս են ապրում թալիշցիները (Ֆոտոշարք և տեսանյութ)

Հունիս 09,2017 13:16

2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ հրետակոծված Թալիշ գյուղը մնաց առանց բնակիչների: Նրանց մի մասը՝ մոտ 20 ընտանիք, այժմ ապրում է Ալաշան առողջարանային գյուղում: Ճիշտ է, մեկ հարկանի շինության մեջ մի քանի ընտանիք է տեղավորվել, պայմաններն այնքան էլ հարմար չեն, բայց թալիշեցիների հետ զրուցելիս ակնհայտ է՝ սպասում են հայրենի գյուղ վերադարձին, թեեւ դժվարանում են ընտանիքի կարիքներն առաջվա պես հոգալ:

Մեկը փոքրիկ հողակտոր է մշակում, ընտանի կենդանիներ պահում, մյուսը՝ մեքենան նորոգում: Կանանց մի մասն ուսուցչուհի է: Նրանց աշխատանքային օրը սկսվում եւ ավարտվում է առողջարանի շենքերից մեկում, որը դպրոց են դարձրել: 62-ամյա Ժասմեն տատի տուն հասա, երբ փայտ էր կոտրում: Դժվարությամբ կռանում էր, կոշտացած ձեռքերով բռնում կացինը եւ հերթական հարվածից հետո հոգոց հանում…

Տատիկը պատմեց, որ ապրիլի երկուսի գիշերը սկզբում պայթյունի մի քանի ձայն է լսել. «Մենակ էի տանը՝ մեկուսի տեղ էր իմ տունը: Շտապեցի գյուղապետարան: Ինձանից մոտ հիսուն մետր այն կողմ խփեցին (նկատի ունի՝ հրետակոծեցին.-խմբ.), չոքեցի գետնին…վախից ականջներս փակվել էին…»:

Այդ օրից Ժասմեն տատի ոտքերն ամեն օր այտուցվում են, բուժվելու հնարավորություն չունի: Անկեղծանում է՝ տանջվում է, տան գործերն անում, շարժվում, որ հիվանդությունն իրեն չհաղթի:

Ժասմեն Մեժլումյանը դստեր եւ չորս թոռնուհիների հետ է բնակվում: Ալաշանի հողն ու ջուրն արդեն հարազատ են նրանց համար… «Ապրենք լի՝ յոլլա ենք գնում»,-ասում է նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930