«Դրանք մանր, փոքր հարցեր են, դրա համար նոր պատգամավորներ են եկել, էդ հարցերը նրանց տվեք»,- խորհրդարանում լրագրողներին այսպես պատասխանեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը: Լրագրողները վերջինիս հարց էին ուղղել կոռուպցիայի կանխարգելման նոր ստեղծվող հանձնաժողովի մասին` նկատելով`ի՞նչ կարող է անել այդ մարմինը, մանավանդ, որ նման մարմիններ, խորհուրդներ ունեցել ենք, բայց, ըստ էության, որևէ էական փոփոխություն չենք տեսել:
Լրագրողների պնդմանն ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը շարունակեց. «Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք ինձ տալու, կպատասխանեմ»:
Aravot.am-ի հարցին` այս մարմինն արդյո՞ք հարկատուների «վզին է նստած» հերթական կառույցը չի լինելու, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք»:
Մեկ այլ հարց`այս հանձնաժողովի գործունեության շրջանակներում կլինե՞ն արդյոք «խոշոր ձկներ», որոնք պատասխանատվության կենթարկվեն, ինչպես նախագահն էր հրահանգել, Գալուստ Սահակյանին դուր չեկավ. Նա մտավ աշխատասենյակ եւ փակեց դուռը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ