Այս պահի դրությամբ հարձակումը եւ վարչապետի կյանքը «դժոխքի» վերածելու գործընթացը հիմնականում երեք ուղղությամբ են ընթանում։
Ուղղություն առաջին՝ ցանկացած երևույթում անընդհատ տեսնում են հակադրություն վարչապետի և նախագահի միջև։ Յուրաքանչյուր խոսք, մեկնաբանություն դիտարկվում են որպես անհամաձայնություն այս երկու պաշտոնյաների միջև։ Ամեն ինչ դիտարկվում է խարդավանքների և ենթատեքստերի պարտադիր առկայության հարթության մեջ։ Մասնավորապես, նախագահի պարտականությունների կատարումը, այցելությունները մարզեր, նախարարների ընդունելությունը դիտարկվում են այդ տեսանկյունից՝ իբրև թե երկրի ղեկավարը առնվազն կրկնօրինակում է վարչապետի գործառույթները՝ չվստահելով կառավարության ղեկավարին և ուղղակիորեն աշխատելով նախարարների հետ։ Այնպիսի տպավորություն է, թե նախկինում նախագահը դրանով չէր էլ զբաղվում։
Կամ նույն կերպ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթապահ հայտարարություն է անում, թե այս պահին 2018 թ. ապրիլից հետո վարչապետի հարցը ոչ մի կերպ արդիական չէ, բնականաբար, վարչապետ նշանակելը ՀՀԿ-ի մենաշնորհն է, քանի որ խորհրդարանական համակարգի պարագայում ընտրություններում հաղթած ուժը մոտակա 5 տարվա համար ստանում է վարչապետ նշանակելու իրավունքը։ Եվ ԱԺ փոխնախագահի այդ հայտարարությունը դիտարկվում է, թե ՀՀԿ-ն արդեն կատարել է իր ընտրությունը։ Թեև շատերը շատ լավ գիտեն, որ որպես կանոն հանրապետականներին նման ընտրությունների, որոշումների ու նշանակումների մասին իրականում տեղեկացնում են միայն վերջին պահին։ Եվ ինչպես նշեցինք, հրամցվող լուրը մատուցվում է որևէ իշխանավորի հետ ասոցացվող լրատվամիջոցների կողմից։ Սովորաբար գեներացվում է գաղափարը, շատ դեպքերում ֆեյքային, և լրատվամիջոցները, կատարելով վերաթողարկողի դեր, իրենց էջերում տարածում են տեղեկությունը մամուլի տեսությունների տեսքով։
Երկրորդ ուղղությունը փորձում են հնարավորինս հեղինակազրկել վարչապետի նշանակած կոնկրետ պաշտոնյաներին։ Դրա վկայությունն էր պետեկամուտների կոմիտեի վրա ինֆորմացիոն հարձակումը։ Հազիվ 500 կգ-ի հասնող ադրբեջանական մաքսանենգ խնձորի պատմությունը, որն իր էությամբ սովորական քրեական բացահայտում էր, ուռճացվեց՝ դառնալով մեծ պատմություն։ Որպես կանոն, մաքսանենգները թաքցնում են բոլոր հետքերը, մինչդեռ այս դեպքում ամեն ինչ արված էր շատ արագ բացահայտվելու համար, քիչ էր մնում նույնիսկ Ալիևի նկարը փակցնեին վաճառքի հանված խնձորների և դրանց արկղերի վրա։ Պարզ է՝ սա սովորական մաքսանենգության գործ չէր։ Այսպիսով, փաստորեն, հարված էր հասցվում Կարեն Կարապետյանի գլխավոր հենարաններից մեկին ՊԵԿ-ին, և անձամբ նրա ղեկավար Վարդան Հարությունյանին։ Եվ այս պատմությունը եզրափակվեց Բավրայի մաքսակետի պետի աղմկահարույց ձերբակալմամբ։
Շահագրգիռ որոշ լրատվամիջոցներ այս կապակցությամբ աղմուկ բարձրացրին, որ համակարգում ոչինչ չի փոխվել, բարեփոխումների մասին հայտարարությունները հիմնականում մնում են PR մակարդակում և գործնական կիրառում չեն ստանում։
Հաջորդ նման զարգացումն առողջապահության նախարարի հետ էր առնչվում։ Ծխախոտի թանկացման և ծխելու սահմանափակման հետ կապված՝ նախարարի չափազանց անհաջող հայտարարությունը լարեց շատերին։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ շատ լավ գաղափար կարելի է վատ մատուցման պատճառով փչացնել, սակայն պարզ է, որ դա, այնուամենայնիվ, տեխնիկական խնդիր էր, բայց լրատվամիջոցները և սոցցանցերի որոշ օգտատերեր դա դարձրին մատի փաթաթան՝ համապատասխան ռեսուրսներով, սոցիալական ցանցերով գեներացնելով հակավարչապետական արշավը և հարվածելով վերջինիս կադրերին։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում