Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության առաջարկներն ընդունել են. Իշխանությունը խոստանում է կոռուպցիան լիովին արմատախիլ անել մեր երկրում (Տեսանյութ)

Հունիս 09,2017 12:03

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին հարցը:

Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների եւ ՀՅԴ-ի առաջարկով ավելացվել է այն դրույթը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մրցութային խորհրդի կազմում կարող են ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու առաջադրել եւ Հանրային խորհրդի կողմից էլ նաեւ թեկնածու կարող է նշանակվել: Վերջինս պետք է լինի քաղհասարակության ներկայացուցիչ:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկել էր դռնփակ նիստ անցկացնելիս հստակ պատճառաբանություն լինի, առաջարկն ընդունվել է:

Լենա Նազարյանն առաջարկել էր հայտարարագրման բովանդակությունը փոխել եւ ընդգրկել այնտեղ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ճամփորդությունների ծախսերը, զավակների կրթության վարձավճարները եւ, ասենք, հանդիսությունների, խնջույքների ծախսերը

Այդ առաջարկը խոստանում են ավելի ուշ քննարկել:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այդ հանձնաժողովի անկախությունը, անկողմնակալությունը ապահոված չէ, այդ սկզբունքները տեղ չեն գտել նախագծում:

Գեւորգ Պետրոսյանի քննադատությունը Արփինե Հովհաննիսյանը չընդունեց, նա ասաց, որ հանձնաժողովի գլխավոր սկզբունքներից մեկը կոլեգիալությունն է եւ կարող է ապահովել իր անկախությունն ու անկողմնակալությունը:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Այս պահին եղած հնարավորությունների շրջանակում այս հանձնաժողովի ստեղծումը, ազդարարի ինստիտուտը կարող ենք օգտագործել: Կարող էինք ավելի ուժեղ հանձնաժողով ստեղծել: Եթե ՀՀ քաղաքացիները գնային եւ միահամուռ ձայն տային «Ելք» դաշինքին, դրա արդյունքում համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծվեր այնպես, ինչպես կա մեր ծրագրում»:

Մարուքյանն ասաց՝ «Ես կզարմանամ, եթե վաղը տեսնեմ, որ ՀՀԿ-ականները հանկարծ ազդարար լինեն եւ դիմեն Հակակոռուպցիոն մարմնին, պարզ է, որ սա մեխանիզմ է՝ ընդդիմության համար, մեր օգտագործելու, հրապարակային դաշտ բերելու միջոցով է, որ այն կարող է կայանալ»: Նա ասաց, որ հենց այս մարմնի ստեղծման առաջին իսկ օրից օգտագործելու են այն եւ պայքարելու են կոռուպցիայի դեմ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Մենք աշխատում ենք բոլորի ջանքերը ներդնել, որ կոռուպցիան լիովին արմատախիլ անենք մեր երկրում»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց միաձայն՝ 92 կողմով: Մինչ քվեարկությունը՝ Նիկոլ Փաշինյանը կատակեց՝ հուսով եմ, որ Էդմոն Մարուքյանի ելույթից հետո, երբ ներկայացրեց, թե ինչպես կարող է օգտագործվել հանձնաժողովը, ՀՀԿ-ականները դեմ չեն քվեարկի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930