Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացումն այլընտրանք չունի՞. «Հայոց Աշխարհ»

Հունիս 09,2017 11:36

Կառավարության նախաձեռնությամբ նախօրեին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը, որի շուրջ խաչաձեւվեցին խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության սրերը, Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծն էր։

Տեսակետները, ինչպես միշտ, տրամագծորեն տարբեր էին։ Կառավարությունն առաջարկում է հերթական քայլն անել համայնքների խոշորացման ուղղությամբ՝ միավորել երկրի ավելի քան 300 գյուղական բնակավայրեր 34 «փնջերում», որոնց էլ վերապահված կլինի տեղական ինքնակառավարման գործառույթներ իրականացնելու՝ խոշորացված համայնքների կենցաղային խնդիրների, ենթակառուցվածքների, կրթության եւ առողջապահության հետ կապված բոլոր հարցերը տնօրինելու բացառիկ իրավասությունը։
Խոսքը Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերի մասին է։

Իշխանությունը դա հիմնավորում է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ վկայակոչելով համայնքների խոշորացման նախկին փորձը, ընդդիմությունը պնդում է, որ դա կարող է դժվարությամբ գոյատեւող փոքր գյուղերի «մարդաթափության» նոր ազդակ դառնալ եւ անուղղելի հարված հասցնել երկրի առանց այն էլ ծանր ժողովրդագրական իրավիճակին։ Այս մասին է մեր հարցազրույցը նշված հարցով հարակից զեկուցող՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐԱՅԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Համայնքների խոշորացումը նոր գաղափար չէ։ Կա միջազգային փորձ, եւ փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկրում այդ պրոցեսը հեշտ չի ընթացել՝ այն շոշափում է բնակչության տարբեր շերտերի շահերը եւ բնականաբար առաջացնում է բազմաթիվ հարցականներ։
Ներկայացված փաթեթը, ըստ էության, համայնքների խոշորացման երրորդ փուլն է։ Մենք անցել ենք խոշորացման առաջին փուլը՝ ավելի փոքր փնջերով, անցել ենք երկրորդ փուլը՝ մի քիչ ավելի մեծ փնջերով, քան առաջինը, եւ հիմա կառավարությունը ներկայացրել է համայնքների խոշորացման երրորդ ծրագիրը, որը վերաբերում է բավական մեծ թվով համայնքների, եւ այդ առումով արձագանքն էլ ավելի սուր է։ Այսինքն՝ այնպես չէ, թե համայնքների հետ քննարկումներ չեն եղել. կառավարության ներկայացուցիչները հանդիպել են համայնքների ներկայացուցիչների հետ, լսել եւ քննարկել մարդկանց մտահոգող խնդիրները։

Միաժամանակ պետք է համաձայնեմ, որ կան որոշակի խնդիրներ՝ իրազեկման հետ կապված, եւ պետք էր ավելի մեծ հնարավորություններ տալ ե՛ւ պատգամավորներին, ե՛ւ հասարակության ներկայացուցիչներին՝ ավելի մանրամասն տեղեկանալու առաջին եւ երկրորդ փուլերում իրականացված աշխատանքների մասին։ Այսօր շատ հարցադրումներ միգուցե չէին հնչի, եթե ունենայինք այդպիսի տեղեկատվություն։

Իսկ հիմնական արդյունքը պետք է լինի այն, որ տեղերում ունենանք ավելի արդյունավետ կառավարում։ Ընդդիմության մեր գործընկերները հիմնականում խոսում են համայնքների ֆինանսական հնարավորությունների մասին՝ խոշորացման դեպքում այդ հնարավորությունները կավելանա՞ն, թե՞ կպակասեն, բայց, իմ կարծիքով, ավելի կարեւոր է, եւ բարեփոխման տրամաբանությունն էլ հենց դա է, որ սահմանադրությամբ եւ օրենքներով համայնքների ղեկավարներին, ավագանուն, աշխատակազմին վերապահված լիազորություններն իրականացվեն պատշաճ մակարդակով, եւ մեր բնակչությունը հնարավորինս ներգրավված լինի այդ աշխատանքներում։
Սա շատ կարեւոր հանգամանք է, եւ մենք այստեղ դեռեւս լուրջ անելիքներ ունենք, պետք է համատեղել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը եւ առաջ տանել համայնքների խոշորացման այս ծրագիրը։

-Քանի՞ համայնք է ներգրավված խոշորացման այս ծրագրում։

-Խոշորացման այս ծրագրում ընդգրկված է 328 համայնք։ Նախկինում ունեինք 915 գյուղական համայնք, առաջին եւ երկրորդ փուլից հետո այդ թիվը կրճատվեց, եւ եթե այս ծրագիրն ընդունվի, կունենանք 499 համայնք։ Այսինքն՝ սա ե՛ւ աշխարհագրորեն, ե՛ւ քանակական առումով լայնածավալ խոշորացում է, ի տարբերություն առաջին եւ երկրորդ փուլերի, եւ իհարկե՝ պետք է շատ ավելի ուշադիր եւ զգույշ լինենք, որպեսզի բարեփոխումը ծառայի իր նպատակին։

-Ի՞նչ սկզբունքով է կատարվել ընտրությունը՝ որ համայնքը ներառել խոշորացման այս ծրագրում, որի հետ միավորել, որ փնջում եւ այլն։

-Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Սա նաեւ զգայուն խնդիր է, այն առումով, որ տարբեր տեղերից տարբեր արձագանքներ կան, նաեւ դժգոհություններ՝ ինչու այս գյուղը այն համայնքի հետ միավորել, ոչ թե մյուսի, եւ այլն, եւ այդպես շարունակ։
Համենայն դեպս այդ ամենը արվել է նախարարության եւ կառավարության ներկայացուցչի կողմից կազմված որոշակի նախնական տվյալների հիման վրա, տեղերում կազմակերպված հանդիպումների, քննարկումների արդյունքում՝ նկատի ունենալով համայնքների աշխարհագրական դիրքը, ենթակառուցվածքները, արտադրական կարողությունները, զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորությունները եւ այլն։ Այսինքն՝ փորձ է արվել հնարավորինս հաշվի առնել համայնքների առանձնահատկությունները։
Իհարկե՝ ոչինչ իդեալական չի լինում, եւ ընթացքում կարող են առաջանալ որոշակի խնդիրներ։ Այդ խնդիրներն այս պահին էլ կան, աշխատանքները շարունակվում են, եւ կարծես նոր լուծումների շեմին ենք։

 

 Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930