Արդյոք իրատեսակա՞ն է ասել, որ Չինաստանը իր հզոր տնտեսությամբ եւ ֆինասական մեծ հնարավորություններով հանդես կգա որպես ներդրող։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրենք, թե որքանով է մեր տնտեսությունը հետաքրքրիր չինական ընկերությունների հաճար։
Մի քանի վիճակագրական տվյալ։ Անցած տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ չինական ներդրումների ծավալը կազմել է… 0 դոլար։ Նախորդ տարվա ընթացքում չինական ներդրումների ծավալները կազմել են 0 դոլար…,։ Եվ այսպես շարունակ։ Այլ կերպ ասած, չինական կապիտալի համար Հայաստանը հետաքրքրիր չէ։
Իսկ գուցե մեր ապրանքներն են հետաքրքրում Չինաստանին։ Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանից Չինաստան արտահանման ծավալները անցած տարի կազմել են 96 միլիոն դոլար։ Տպավորիչ թիվ է։ Սակայն այդ 96-ից 63.1 միլիոնը պղնձի խտանյութն է, 32.6 միլիոնը՝ թանկարժեք մետաղների հանքաքար։ Ստացվեց 95.7 միլիոն։ Այսինքն, մենք Չինաստանին հետաքրքրող ապրանք չունենք։
Հայ-չինական հարաբերությունները բավականին ջերմ են, բայց դրանք ամենեւին տնտեսությանը չեն վերաբերում։ Չինաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին։ Մասնավորապես հսկայական դրամաշնորհներ է տրամադրել, որի հաշվին ձեռք է բերվել չինական գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոցներ եւ այլն։ Սակայն այդ հարաբերությունները ոչ մի կերպ չեն տեղափոխվում բիզնես տրամաբանության մեջ։
Մի խոսքով, չափազանց քիչ հավանական է, որ չինական կապիտալը կգա Հայաստան։ Ամենեւին այնպես չէ, որ դա Չինաստանի ղեկավարության կայացրած ինչ-որ քաղաքական որոշում է: Պարզապես կոռուպցիան, բիզնեսի ու իշխանության սերտաճումը, օլիգոպոլ համակարգը մեր տնտեսությունը անհրապույր են դարձնում ներդրումների համար ընդհանրապես։ Ու փոխանակ այս արատները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու՝ Սերժ Սարգսյանը նախընտրում է ելույթներ ունենալ անհավանական ծրագրերի մասին ու փորձում տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ արել է ներդրումներ ներգրավելու համար։ Այդպես չի լինում, կապիտալը ականջներով չէ, որ առաջնորդվում է։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում