Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխողների կյանքը վերածվում է դժոխքի. «Հայոց Աշխարհ

Հունիս 09,2017 11:13

Լրագրողներն ունեն «տեղեկատվական առիթ» արտահայտությունը. իրադարձություն, նորություն եւ այլ պատճառներ՝ անդրադառնալու ինչ-որ խնդրի։ Տվյալ դեպքում առիթը հատուկ փնտրելու ոչ մի անհրաժեշտություն չկա. ահա արդեն քանի օր է, ինչ մեզանում կրքեր են փոթորկվում ծխելու դեմ պայքարի շուրջ։

ԲԺԻՇԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ
ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ

1950-ական թվականների երկրորդ կեսին ամերիկացի գիտնականներն ապացուցեցին ծխամոլության անմիջական կապը թոքերի քաղցկեղի հետ։ Բայց ծխողների կողմից այդ փաստի արագ գիտակցմանը խանգարում էին ծխախոտային ամենազոր կորպորացիաները։ Նրանք հականիկոտինային հետազոտությունների վարկաբեկման հզոր արշավ կազմակերպեցին ԶԼՄ-ներում, պնդելով, թե օնկոլոգիական հիվանդությունների հետ ծխամոլության կապի մասին այդ հետազոտություններում ներկայացվող փաստերն «անհաջող ու անհամոզիչ» են։

Մյուս կողմից՝ լայնորեն գովազդվում էր ֆիլտրով գլանակների հատկությունը՝ հուսալիորեն կլանելու ծխախոտի ծխի պարունակած վնասակար նյութերը։
Սակայն ամերիկյան բժիշկները չնահանջեցին։ Նրանց պնդումով 1960-ական թվականների սկզբին խնդրի ուսումնասիրության համար ԱՄՆ-ում ձեւավորվեց փորձագետների խումբ։ Ուշագրավ է, որ խմբի կազմի կեսը ծխողներ էին։

1964 թվականի հունվարին խումբը հրապարակեց ամփոփիչ զեկույցը, որտեղ հիմնավորապես ցույց էր տրված, որ ծխամոլությունը պատճառ է դառնում մահացու ելքով մի շարք հիվանդությունների, իսկ ֆիլտրերն անարդյունավետ են։ Բայց զեկույցում առավել կարեւոր էր կառավարությանն ուղղված կոչը՝ ծխամոլության վնասը կրճատելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։

ԴԺՎԱՐ ՍԿԻԶԲ

Զեկույցի հրապարակումից ընդամենը մի քանի ամիս անց ամերիկացիների կողմից սիգարետի օգտագործումը կրճատվեց 15%-ով, բայց այդ կրճատումը ժամանակավոր էր։ Պահանջվում էին ավելի արդյունավետ միջոցներ։

ԱՄՆ-ում դրանք սահմանվում էին աստիճանաբար, մեղմից դեպի կոշտ։ Սիգարետի տուփերի վրա պարտադիր մակագրություններ էին արվում ՝ ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացումով։ Սահմանափակվում էր սիգարետի գովազդը, 1971 թվականին այն արգելվեց լիովին։ Բարձրացվում էին ծխախոտի ակցիզները։

Մյուս կողմից՝ լրատվամիջոցներն էլ պարտավոր էին ժամանակ ու տեղ հատկացնել սոցիալական հակածխախոտային գովազդին։ 1970-ական թվականների սկզբին ամերիկյան կոնգրեսականներն ուշադրություն դարձրին «պասիվ ծխելուն» եւ սկսեցին օրենսդրական նորմեր սահմանել ի պաշտպանություն չծխողների իրավունքների։
Ամերիկյան հակածխախոտային փորձը սկսեց քննարկվել նաեւ այլ երկրներում։ Սակայն հակածխախոտային կոնկրետ միջոցները ձեռնարկվում էին շատ զգուշորեն, դրանց մեծամասնությունն ընդունվում էր տեղական իշխանությունների, տրանսպորտային ընկերությունների մակարդակով։ Վերջիններս հաշվի էին առնում ուղեւորների նախապատվությունները՝ ելնելով սեփական գործնական շահերից, իսկ այդ փաստարկի դեմ ծխելու ազատության օգտին պայքարողները չէին կարող առարկել։

ՎՃՌՈՐՈՇ ԷԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Առանձնակի հետաքրքիր է Ճապոնիայի փորձը, որտեղ ծխելու արգելքին սկիզբ դրեցին ավիացիոն ընկերությունները։ Դրանց ղեկավարությունն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ամերիկյան մրցակիցների օդանավերում ծխելն արգելելուց հետո անդրխաղաղօվկիանոսյան չվերթերի բազմաթիվ ուղեւորներ սկսել են նախընտրել հենց դրանք՝ ճապոնականի փոխարեն, որտեղ ծխելը թույլատրված էր։
Ճապոնական ընկերությունների օդանավերում միջազգային չվերթերի ժամանակ ծխողներին նախ սկսեցին նստատեղերի մի քանի շարք հատկացնել սրահի պոչային մասում։ Բայց այնուհետ լիովին արգելեցին ծխելը։
Ծխելու արգելքը զուգահեռաբար սկսեց տարածվել նաեւ ավտոբուսների, տաքսիների եւ գնացքների վրա։ Ծխողներին «ճնշելն» այստեղ նույնպես սկսվեց տնտեսական գործոնների ազդեցությամբ։ Շատ արագ նկատվեց, որ ուղեւորների մեծ մասը նախընտրում է ծխի հոտից զերծ փոխադրամիջոցները։

ՕՐԵՆՔՆ ՕՐԵՆՔ Է

Մնանք Ճապոնիայում, որի փորձը տվյալ ոլորտում իսկապես հետաքրքիր է։
Հակածխախոտային միջոցառումներն այստեղ զգալիորեն խթանեց ծխամոլության դեմ պայքարի ԱՀԿ կոնվենցիայի ընդունումը 2005 թվականի փետրվարին։ Այդ պայքարի շրջանակներում վարչական բոլոր միջոցները սկսեցին կիրառվել կոնվենցիայի դրույթների վկայակոչմամբ։

Գործատուների համար չծխող աշխատակիցներն այլ հատկանիշների հավասարության դեպքում նախընտրելի են, քան ծխողները։ Ուստիեւ հակածխախոտային վարչական միջոցների վերահսկողությունը մասնավոր ձեռնարկություններում ավելի խիստ է։ Պետական հաստատություններում դրանք ներդրվել ու ներդրվում են դժվարությամբ։
2010 թվականին կառավարությունն արձակեց հրահանգ, որով պետական բոլոր մարմիններին՝ նախարարություններից ու գերատեսչություններից մինչեւ ինքնակառավարման մարմիններ, կարգադրվում էր դադարեցնել ծխելն այն շենքերում, որտեղ դրանք տեղավորված են։

Լ. Վարդանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930