«Մաքուր Երեւան» նախաձեռնումից, աղբահանության հարցերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն անցավ տաքսիստների «թրաշին», «տապըչկեքին» ու, առհասարակ, արտաքին տեսքի պրոբլեմին։ Սա արվում է հանուն զբոսաշրջության զարգացման։ Թեեւ «անթրաշ» ու սիգարետը բերանին վարորդները տեղացիներին էլ են հոգնեցրել, բայց մենք ո՞ւմ բողոքենք։ ՀՀ քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումը, ի տարբերություն տուրիզմի խրախուսման, կառավարության առաջնահերթություններից չէ։ Իհարկե, տեղացիներին հեշտ չէ խաբելը:
«Ես ողջունում են ոստիկանապետի արարքը։ Նա հետ է վերցնում վարորդական վկայականները, իսկ տրանսպորտի նախարարությունն ապօրինի լիցենզիաներ է տրամադրում։ Ուրիշ ի՞նչ կարա անի։ Նախարարությունը լիցենզիա է տալիս գժերին ու նարկոմաններին»,- վստահեցնում է «Տաքսիստների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Իհարկե, համարում եմ, որ վարչապետը տեղին է նկատել։ Մենք նույնպես երբեմն հանդիպում ենք նման վարորդների։ Պարզապես պետք է այդպիսի պահանջ լինի, թե ինչպես ներկայանալ ուղեւորին։ Ուղղակի վարչապետը պետք է նկատի ունենա միշտ, թե ոստիկանությունն ինչպես կարող է իրականացնել այդ ցուցումը։ Ոստիկանապետը խիստ յուրովի կըմբռնի «կոշտ վերաբերմունք» ասվածը, ու առաջիկայում կլսենք նաեւ տաքսիստների վերաբերյալ բռնի վերաբերմունքի մասին։ Ոստիկանապետն այդ տաքսիստներին, միեւնույև է, նայում է որպես հանցագործների, նախկին դատվածների։ Չի նայում որպես մարդկանց։
Հանրապետության 50 տոկոսը տաքսի ծառայությունում է աշխատում ստիպված, այլ ելք չունենալով, եւ հիմա պետք է սկսի հանցագործներ որսալ։ Բայց դրանք մարդիկ են, այո, հաճախ իրենց տեսքին չհետեւոդ, իսկ այդ սովետական մտածողությունը՝ նախկին հանցագործներ եւ այլն, չի լքում ոստիկանությանը ոչ մի կերպ։ Լավ կլիներ, որ ոստիկանապետն ազատվեր իր կայուն հոգեբանական մոտեցումներից»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում