Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ` «գործ տալու» մասին

Հունիս 09,2017 10:08

Բոլորս քննադատեցինք ՀՅԴ խմբակցության երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին (լուսանկարում), որը կոռուպցիայի մասին ոչ հրապարակային ազդարարումը համարեց «հայի տեսակին» ոչ վայել եւ կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներով խրախուսվում է «գործ տալը»: Բայց նա արձանագրել է Հայաստանի բնակչության 90 տոկոսի համոզմունքը:

Ավելին ասեմ՝ թեեւ մենք՝ քննադատողներս, տեսականորեն համաձայն չենք Անդրանիկի հետ, բայց սովորաբար մենք մեր առօրյա պրակտիկայում վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է պատգամավորը:

Եվ դա վերաբերում է ոչ միայն կոռուպցիային: Երբ երթուղային տաքսու վարորդը ծխում է, արդյոք մենք նրան դիտողությո՞ւն ենք անում: Իսկ երբ մեր նկատողությանն ի պատասխան վարորդը մեզ ուղարկում է հայտնի ռուսական հասցեով, մենք ի՞նչ է՝ գրի ենք առնում մեքենայի համարանիշը ու դիմում ենք քաղաքապետարա՞ն: Ոչ, լավագույն դեպքում մենք էլ նրան նույն տեղը կուղարկենք: Եվ բոլոր արդարացումները, թե չենք ուզում, որ այս խեղճ մարդը տուժի, որ նա ընտանիք է պահում եւ այլն, դրանք բոլորը սուտ են: Իրականում մենք վախենում ենք: Վախենում ենք հասարակական կարծիքից եւ «վատամարդ» դուրս գալուց:

Հենց նույն պատճառով էլ մենք պատրաստ ենք առավոտվանից գիշեր օդի մեջ բացականչել՝ «դրանք բոլորը թալանչի են, ավազակ են» եւ այլն, բայց հենց գործը հասնում է կոնկրետ դեպքին, մենք վարանում ենք ճշմարտությունը հրապարակելուց:

Երբ մաքսայինի աշխատողը մեզնից կաշառք է ուզում, մենք կամ տալիս ենք կաշառքը, կամ ծանոթ ենք փնտրում, որ այդ կաշառքը չտանք: «Բա ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերեւներին չմուծվի, այդ համակարգում չի աշխատի»,- կասեք դուք: Դա, իհարկե, ճիշտ է. բայց եթե 100 մաքսավորներից, 100 հարկահավաքներից, կադաստրի 100 աշխատակիցներից 10-ը նստի, արդյոք մնացած 90-ը կմտածե՞ն մուծվելու մասին:

Դուք կասեք նաեւ՝ պետք է նստեցնել նրանց պետերին, որոնք «նալոգ» են պահանջում, չի լինի պետը՝ չի լինի «նալոգը»: Դա էլ է ճիշտ: Բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, պետերի հետ գործնական հարաբերությունների մեջ չենք մտնում: Պետերի հետ առնչվում են «մուծվողները»՝ նրանք կհամարձակվե՞ն իրենց անունից ահազանգել: Բնականաբար, ոչ: Նրանք եթե բողոքեն, ապա միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով: Կբողոքեն, եթե մենք հրաժարվենք «գործ տալը» պախարակելու ասիական, կիսագողական պրակտիկայից:

Ինչո՞վ է տարբերվում «ազդարարի» ինստիտուտը ստալինյան մատնագրերից: Նախ՝ նրանով, որ այն վերաբերում է բացառապես չինովնիկների կոռուպցիային եւ ոչ թե «հակասովետական» ինչ-որ մտքերին կամ արտահայտություններին:

Երկրորդ՝ նրանով, որ պարզապես ահազանգի հիման վրա ոչ մեկին չեն ձերբակալի, այդ ահազանգը պետք է ստուգվի, եւ եթե սուտ լինի, ոչ ոք մարդուն չի անհանգստացնի: Շատ հնարավոր է, որ չեն անհանգստացնի նույնիսկ այն դեպքում, եթե ահազանգը ճիշտ լինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե «ոչ հրապարակային ազդարարում»-ը փոխարինել «կատարել քաղաքացիական պարտք»- ով, ապա բոլոր ազդարարողները կվերածվեն հայրենասերների:
    Ոչ հրապարակային ազդարարները պետք են նրա համար, որ իրավապահ մարմինները իմանան թե ինչով զբաղվեն:
    Ուշադրություն դարձրեք, նյութական փոխհատուցման ֆոնդին (ազդարարների վարձատրության ծախսերին):

  2. Լավատես says:

    Կաշառակերությունը՝ դա պետության հիվանդությունն է, երբ կառավարությունը թերանում է իր աշխատանքում, չի զարգանում ու ճահճանում է, այդ ժամանակ ի հայտ են գալիս կաշառք տվողներն ու պետական պաշտոնյային ՝հավաքագրում՝: Կարճ ասած, կաշառակերությունը՝ դա պետական հանցագործություն է եւ հատուկ միայն պետական պաշտոնյաներին դատել նույն օրենքով, ինչն ընդունված է կաշառակերի համար Հեռավոր Արեւելքի ամենահզոր պետությունում: Պարզապես պետական կաշառակերին պետական դավաճանի կարգավիճակ տալ ու դրանց հայտնաբերմամբ հակահետախուզությունը մասնագիտական բարձր մակարդակով շատ ավելի արդյունավետ կհայտնաբերի, քան սովորական քաղաքացին, առավել եւս առանձին անհատ քաղաքացիներ կարող են հրապուրվել կաշառակերին վախեցնելու ու փող պահանջելու իրենց սիրողական երազներով, որի հետեւանքով նրանց փորձավոր հանցագործները կարող են վնասազերծել:

  3. Ալեքսանդր says:

    «…այդ ահազանգը պետք է ստուգվի, եւ եթե սուտ լինի, ոչ ոք մարդուն չի անհանգստացնի…> Արամ ջան, հայերեն նաև կա ոչ միայն «գործ տալ» արտահայտությունը, այլ և «գործ սարքել»-ը:

  4. joradzadza says:

    Կաշառակերությունը չի երկրի հիմնական պրոբլեմը, այլ նախնադարյան տհաս մտածելակերպը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930