Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սաուդյան Արաբիայից մի կին գիշերը քնի, արթնանա Իրանում` կկարծի դրախտում է». ամերիկահայ լրագրող

Հունիս 09,2017 00:22

Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների  մասին խոսելով` Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնի անկախ լրագրողներից  մեկը՝ Դավիթ Բարսամյանը ազատ ունկնդիրներին, լրագրողներին ասաց, որ դա ջիհադական խմբերի գործողություն էր, որի վերաբերյալ Թրամփը ընդամենը 24 ժամ հետո մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ սա այն էր, ինչին իրանցիներն արժանի էին, քանի որ նրանք տարածում են ահաբեկչություն, ուստի դառնում են նաեւ ահաբեկչության զոհ: Այսպիսի մեկնաբանությունը, ըստ Դավիթ Բարսամյանի, անզգա եւ անիմաստ էր, որը հնչեց Ամերիկայի պատմության ընթացքում ամենավատ նախագահներից մեկի կողմից:

«Թրափը ոչ միայն ոչինչ չասաց վերջերս Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ, այլեւ ասաց, որ Իրանը Միջին արեւելքի խոշոր տեռորիստական երկիրն է: Թրամփը Իրանը ընդգրկեց այցելելու համար արգելված երկրների ցուցակում՝ասելով. «Իրանը կրակի հետ է խաղում։ Նրանք չեն գնահատում, թե նախագահ Օբաման իրենց նկատմամբ ինչքան «բարի» գտնվեց, բայց ո՛չ՝ ես»,-հիշեցրեց բանախոսը:

Aravot.am-ի հարցին, թե Իրանում ահաբեկչության իրական պատճառը որն էր, պարոն Բարսամյանը ասաց. «Ակնհայտ պատճառը նա էր, որ Իրաքում եւ Սիրիայում իր դիրքերը կորցնում է «ԴԱԻՇ»-ը` «Իսլամական պետությունը», եւ հետեւաբար, ինչ-որ կերպ հակահարված տալով, ցույց է տալիս, որ ինչ-որ չափով դեռ կարող է հարձակում գործել»:

Դավիթ Բարսամյանը, անդրադառնալով այն մտքին, թե ինչպե՞ս է Միացյալ Նահանգները թիրախավորում Իրանը՝ ասաց, որ այդ պետության միակ շահը, հետաքրքրությունը Իրանի նավթն է, որը սկսվել է դեռեւս Ֆրանկլին Ռուզվելտից:

«Իրանը կատարյա՞լ պետություն է, իհարկե՝ ոչ, այն մարդու իրավունքների պաշտպանության օրինա՞կ է՝ ոչ, ունի՞ շատ ներքին խնդիրներ՝ իհարկե ունի, բայց նույն հարցերը կարող եմ տալ ԱՄՆ-ի մասին՝ նույն պատասխաններով, բայց համեմատելով  Էմիրատների, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հետ՝ Իրանը շատ ավելի լավ վայր է ապրելու համար»,-նշեց բանախոսը:

Նա՝ համեմատական անցկացնելու համար, բերեց մի օրինակ. «Եթե Սաուդյան Արաբիայից մի կին գիշերը քնի, արթնանա Իրանում, ապա կկարծի, որ դրախտում է, որովհետեւ կարող է սեփականություն ունենալ, ամուսնալուծվել, երեխաների խնամակալություն ստանձնել, մեքենա վարել եւ այլ առավելություններ ունենալ, որոնք բացակայում են իր երկրում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930