Կառավարության` պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը դժգոհություն է առաջացրել հանրության ու պատգամավորների շրջանում: Այս ծրագրով նախատեսվում է պետական բազմաթիվ հիմնարկներ, այդ թվում «Հայֆիլմը», «Հայփոստն» ու մի շարք այլ կառույցներ ու հիվանդանոցներ մասնավորեցնել:
Այս ծրագրով մասնավորեցման են ենթակա պետական հետեւյալ բուժհիմնարկները՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը», «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը», «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնը», «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը, «Երեւանի երկաթուղու պոլիկլինիկան», «Նեւրոզների կլինիկան», «Հանրապետական անձավաբուժական կենտրոնը», «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը», «Արաբկիր» բուժկենտրոնի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի 8.0%-ը, «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը:
Այս բուժկենտրոնների մեծ մասը տեղակայված են հսկայական տարածությամբ շենքերում, որոնք անմխիթար, կիսաքանդ վիճակում են, առանց պատշաճ սանհանգույցների ու հիվանդասենյակների, իսկ այս շենքերի պահպանման համար պետական բյուջեից մեծ ծավալի գումարներ են հատկացվում, մինչդեռ շենքային պայմանները չեն բարելավվում: Դրանց վերանորոգման համար էլ մեծ փողեր են պետք: Եվ ուրեմն կառավարությունը որոշեց ազատվել այս գլխացավանքից:
Երեկ Ազգային ժողովում այս ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի մասնավորեցմանը, ասել էր, որ մեր երկրում 2 անգամ ավելի են քաղցկեղով հիվանդացության, մահացության ցուցանիշները՝ ի տարբերություն այլ երկրների, եւ սա միակ հիմնարկն է, որն իրականացնում է քաղցկեղի բուժում, եւ այս ինստիտուտի մասնավորեցումն անթույլատրելի է: Թեեւ ուռուցքաբանության այս կենտրոնը, ինչպես պատգամավորն էր ասել, միակն է իր ուղղվածությամբ, բայց պատգամավորին հուշենք՝ այն բուժհիմնարկ անվանել հնարավոր չէ: Քաղցկեղով հիվանդ մարդիկ բուժսպասարկում են ստանում անմարդկային պայմաններում: Հիվանդ մարդիկ, առանց այն էլ սթրեսային վիճակում հայտնվելով այդ հիվանդանոցում, մի հատ էլ սթրես այդտեղ են ունենում՝ պայմանները տեսնելով:
Պետությունն էլ կամ ցանկություն չի ունեցել, կամ էլ նպատակահարմար չի գտել պետբյուջեի միջոցներով վերանորոգել այն, կառավարության համար ավելի դյուրին ճանապարհ է այն մասնավորեցնելը: Բայց արդյոք այդ հսկայական շենք-շինությունով բուժհիմնարկը գնորդ կունենա՞:
ԱԺ-ում պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը վստահեցրել էր. «Բուժկենտրոնը վնասով է աշխատել՝ 2014-ին՝ 153 մլն 788 հազար դրամ, 2015-ին 4.4 մլն զուտ շահույթ է եղել, 2016-ին զուտ շահույթը եղել է ընդամենը 27 հազար դրամ»:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը ողջունում է պետական բուժհիմնարկների մասնավորեցման ծրագիրը: Պարոն Մկրտչյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ պետական բուժհիմնարկների մասնավորեցումը կամ ապապետականացումը դեռեւս 1996 թվականից է սկսված: Մկրտչյանն օրինակ բերեց «Էրեբունի», «Նաիրի», «Իզմիրլյան» բուժկենտրոնները, Մալաթիայի հիվանդանոցը, որը հիմա «Աստղիկ» բուժկենտրոն է կոչվում. «Հիմա տեսնում ենք, որ բավականաչափ ներդրումներ են արվել, եւ բուժօգնության կարիք ունեցողները այս հիվանդանոցներ են գնում: Այսինքն՝ դրանք որոշակի համբավ ունեն, լավագույն մասնագետներն են աշխատում: Այս 20 տարվա փորձը խոսում է այն մասին, որ գործընթացը դրական է»:
Սակայն խնդրահարույց է մոնոպրոֆիլ բուժհիմնարկների մասնավորեցումը: Մկրտչյանը նկատեց՝ մոնոպրոֆիլ բուժհիմնարկները, օրինակ՝ ժողովրդի լեզվով ասած՝ օնկոլոգիականը, մաշկավեներականը, այրվածքների կենտրոնը, այս տիպի բուժհիմնարկներն ամբողջ աշխարհում գտնվում են բազմապրոֆիլ կլինիկաների կազմի մեջ՝ բաժանմունքների տեսքով. «Արտերկրում դուք չեք գտնի առանձին մի մեծ հիվանդանոց մաշկավեներական կամ վնասվածքաբանական, այրվածքների եւ այլն: Սրանք խորհրդային տարիներից եկած մի բան են: Վնասվածքաբանական բաժանմունքներ տարբեր հիվանդանոցներում արդեն իսկ գործում են»:
Նախկին նախարարի կարծիքով՝ այս հիմնարկների ապապետականացումը դրական է, սակայն դրանցից յուրաքանչյուրին առանձնակի մոտեցում է հարկավոր. «Կարելի է այլ կերպ կազմակերպել, օրինակ՝ բաժանմունքների տեսքով՝ միավորել այլ բուժհիմնարկի հետ ու շենք-շինություններից ազատվել: Այդ շենքերը պահպանելը շատ թանկ հաճույք է, դրա հետ մեկտեղ բժշկական ծառայությունն ավելի է թանկանում: Նախարար Ալթունյանը օպտիմալացման ծրագրից է խոսում, հուսանք, որ օպտիմալացման ծրագրի ներքո կորոշեն մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդիական բուժօգնություն ծավալել մեր երկրում՝ ապապետականացման ճանապարհով»:
Արարատ Մկրտչյանը կարծում է, որ միայն Երեւանում հիվանդանոցների եւ կլինիկաների քանակը շատ ավելին է, քան երկրի կարիքները. «Ավելի քիչ հիվանդանոցների կարիք ունենք: Այնպես որ՝ եթե որոշները փակվեն էլ, ոչինչ չի լինի»:
Պարոն Մկրտչյանը հարց է բարձրացնում՝ պետք է կողմնորոշվենք՝ կոնկրետ հիվանդանոցը մեզ պե՞տք է, ասենք՝ ուռուցքաբանության կենտրոնը. «Իսկ եթե այդ ահռելի օնկոլոգիական կենտրոնի փոխարեն մեր ունեցած լավ կլինիկաներում 1-2 բաժանմունք լինի, վա՞տ կլինի: Չեմ ասում՝ վերացնել օնկոլոգիան Հայաստանում, բայց այդ կենտրոնը հսկայական շինություն է, որն անսահման ներդրումներ կպահանջի, եւ այդ ներդրում անողը շահույթ պետք է ակնկալի, դա բիզնես-ծրագիր է, ոչ թե բարեգործություն: Դժվարանում եմ պատկերացնել, որ մեկն այդտեղ ներդրում անի: Գուցե տարբեր հիմնադրամների, բարեգործական միջոցների կամ այլ ծրագրեր անեն օնկոլոգիայի համար, կամ շենքը վաճառվի, փոխարենը կոմպակտ կառույց ստեղծվի: Տարբերակներ կարելի է մտածել»:
Ըստ նախկին նախարարի՝ պետական առողջապահական օբյեկտների ապապետականացումից ֆիսկալ էֆեկտ պետք չէ սպասել, բյուջեն համալրելու նպատակ պետք չէ հետապնդել, որովհետեւ եթե սոցիալական նշանակության կառույցը ապապետականացվի շուկայական գնով, ապա բժշկական ծառայությունների գների բարձրացումն անխուսափելի է: Մկրտչյանը հիշեցրեց, որ 2001-ին մշակվել է բժշկական ծառայությունների հայեցակարգ, եւ կառավարության անդամներին խորհուրդ տվեց օգտվել դրանից, ինչպես նաեւ Մկրտչյանը խորհուրդ տվեց բուժհիմնարկի վաճառքի պայմանագրով պարտավորեցվի՝ որոշակի ժամանակ ձեռք բերողն իրավունք չունենա այլ գործունեություն իրականացնելու:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն «Առավոտին» վստահեցրեց, որ նախատեսվում է օրենք ընդունել, ըստ որի՝ պետական որեւէ բուժհիմնարկի վաճառքի պայմանագրում ամրագրվի՝ նոր սեփականատերը պարտավոր է շարունակել բուժհիմնարկի ուղղվածությունն ու գործառույթները:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
08.06.2017