Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` ՄՃԽ-ի հայտարարության,
պատերազմի վերսկսման հնարավորությունների եւ ինֆորմացիոն «բլոկադայի» մասին:
– Միջազգային ճգնաժամային խումբը եւ «Քարնեգի» հիմնադրանը իրար հետեւից զեկույցներ հրապարակեցին` Արցախում պատերազմ կանխատեսելով: Պատերազմական գործողությունների վտանգն Արցախում միշտ էլ եղել է. հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել: Եթե՝ այո, ապա ի՞նչ:
– Կարծում եմ՝ Արցախում պատերազմական գործողություններ սկսվելու վերաբերյալ միջազգային զեկույցներն ու հոդվածները կազմվել են՝ հաշվի առնելով մի քանի կարեւոր գործոններ: Առաջին` ապրիլյան մարտական գործողություններից հետո ոչ միայն բանակցությունները դադարեցվեցին, այլեւ Ադրբեջանը հետեւողականորեն արգելափակում է միջնորդների՝ բանակցությունների վերականգնմանն ուղղված բոլոր փորձերը: Երկրորդ` Ադրբեջանը նույն հետեւողականությամբ սպառազինվում է, իսկ առաջնագծում իրավիճակը թեժ պահելու քաղաքականությունը շարունակվում է: Երրորդ` Ադրբեջանը շարունակում է սպառնալ, որ հարցը կլուծի պատերազմական ճանապարհով:
Որքան հեռանում ենք 2016-ի ապրիլից, եւ որքան Ադրբեջանն իր դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ չի փոխում, մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունն աճում է:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին մոտ ենք պատերազմին: Արդյո՞ք իրավիճակի կտրուկ սրման միտումներ են դրսեւորվում:
– Չէի ասի, թե իրավիճակն առաջնագծում կտրուկ փոխվելու միտումներ է դրսեւորում, զորքերի ակտիվ տեղաշարժեր, կուտակումներ առանձնապես չկան, գոնե այս պահին. ակտիվ են դիպուկահար խմբերը:
– ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն օրերս հայտարարեց, որ շփման գծում ստատուս քվոն այլեւս հնարավոր չէ պահպանել: Դրա մասին խոսել էր նաեւ հայկական կողմը` նախապայմանով: Այն է` հստակեցնել Արցախի կարգավիճակը: Այս դիրքորոշումը շարունակո՞ւմ է առաջնային մնալ, թե՞ իրավիճակներից կախված՝ կարող է փոփոխությունների ենթարկվել:
– Արցախի համար անկյունաքարայինը կարգավիճակի եւ անվտանգության խնդիրն է, որը պետք է արտացոլվի կողմերին ներկայացվող ցանկացած փաստաթղթում:
Գործընթացում իրավիճակի փոփոխության հարցը հնարավոր կլինի դիտարկել այն պարագայում, երբ կվերսկսվեն բանակցությունները, կհստակեցվեն Ադրբեջանի մոտեցումները (արդյո՞ք դրանք փոփոխության են ենթարկվել), եւ վերջապես՝ երբ բանակցություններում լիարժեք կընդգրկվի Արցախը:
– Օրեր առաջ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունների փոխարեն՝ դրանք կտրվեն շաբաթական կտրվածքով: Դրանից բացի, պաշտոնական հաղորդագրություններում այլեւս չի նշվելու տեղի ունեցած միջադեպի կոնկրետ ուղղություն: Ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները, արդյո՞ք համակարգն առաջիկայում առավել փակ բնույթ կստանա:
– Հասարակության հետ կապն ապահովելու, ինչպես նաեւ հանրությանը պատշաճ կարգով տեղեկացնելու ֆունկցիան իրացնելիս պաշտպանական գերատեսչությունը հաշվի է առնում մի շարք առանձնահատկություններ, որոնք անմիջապես առնչվում են անվտանգությանը: Հաշվի են առնվում ինչպես հանրությանը տեղեկատվություն ապահովելու կարեւոր հանգամանքը, այնպես էլ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը: Սրա նպատակը ոչ թե հանրությունից ինչ-որ բան թաքցնելն է, այլ հակառակորդին նույնիսկ տեսականորեն հասու տեղեկատվության առավելագույն ֆիլտրումն է:
– Իսկ ինչո՞ւ է դա հենց հիմա արվում, այդ խնդիրը ավելի վաղ չկա՞ր:
– Տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումն են մեզ ստիպում այս պահին գնալու այդ որոշմանը՝ իրավիճակի թելադրանքով: Այս թեմայով մեկնաբանությունը եկեք սահմանափակենք սրանով:
– Շատ փորձագետներ պնդում են, որ պատերազմի կանխումը շատ բանով կապ ունի նաեւ կողմերի տնտեսական հնարավորությունների հետ: Առանց ուժեղ տնտեսության դժվար է պատկերացնել ուժեղ բանակ: Ի՞նչ վիճակ է սահմանի այս ու այն կողմում:
– Ադրբեջանը նավթի գների անկումից հետո դեռ ուշքի չի գալիս, նույնիսկ այդ երկրի Ազգային վիճակագրական ծառայությունն է ֆիքսում Ադրբեջանի տնտեսության համար բարդ ժամանակները:
Ինչ վերաբերում է մեզ, ապա 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ Արցախում 2017 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը 11.5 տոկոս աճ է արձանագրել: Արցախի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-մարտին փաստացի գներով կազմել է 39.3 մլրդ դրամ (80.8 մլն ԱՄՆ դոլար): 2017թ. հունվար-մարտին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Արցախի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը աճել է 60.2 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 70.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով:
Մենք մեզ համար բավականին ամբիցիոզ նշաձող ենք սահմանել ու վստահ շարժվում ենք այդ ուղղությամբ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
08.06.2017