Լրագրող Օզլեմ Էրթանը Հայոց ցեղասպանության մասին վեպ է գրել
Լրագրող Օզլեմ Էրթանը՝ Թուրքիայից, որը ժամանակին աշխատել է «Թարաֆ» թերթում, վեպ է գրել «Իմ գեղեցիկ զոհերը» (թուրքերեն` Benim GՖzel ՃlՖlerim) վերնագրով: Նրա վեպը ֆանտաստիկայի ժանրում է, այն անցյալ շաբաթ հրատարակել է Ithaki հրատարակչությունը:
«Առավոտի» հետ զրույցում հեղինակը նշեց, որ վեպը հայերի ցեղասպանության մասին է, քրդերի, եւ Թուրքիայում՝ նրանց խնդիրների: Վեպի հերոսներից մեկը հոգեւորական է` Կարապետ վարդապետը:
«Կարապետին մարդասպանները սպանում են 1915թ., սակայն նրա հոգին ապրում է այլ աշխարհում…Նա այն աշխարհում ուզում է ազատվել վատ հիշողություններից, սակայն չի կարողանում: Նա զգայուն մարդ է, երաժիշտ, որը սովորաբար դուդուկ է նվագում ու հիշում իր ծննդավայր Տիգրանակերտը (Դիարբեքիրը): Վեպի մյուս հերոսներն են Սիդար եւ Ազատ եղբայրները, որոնք քուրդ են: Նրանք էլ սպանվել են հարավ-արեւելյան Անատոլիայում եւ կրկին «ապրում» են ուրիշ աշխարհում: Նրանց ճակատագրերը խաչվում են Կարապետ վարդապետի ճակատագրի հետ»,- իր վեպն է ներկայացնում Օզլեմ Էրթանը:
Ֆանտաստիկ վեպում, որտեղ կա ողջերի ու մեռյալների աշխարհ, հեղինակի ձեւակերպմամբ՝ կան լավ եւ վատ հոգիներ: «Վատ հոգիները այն աշխարհում տառապում են, որովհետեւ իրենց գործած մեղքերը հետապնդում են իրենց: Վատ հոգիներից մեկը, որը Սեւ մոգ է ու սպանել է Կարապետ վարդապետին, անընդհատ ներողություն է խնդրում հոգեւորականից, որովհետեւ չի ուզում տառապել: Կարապետ վարդապետը ցանկանում է ներել նրան, բայց դա շատ դժվար է…Իմ վեպը գրելիս բազմաթիվ այսպիսի այլաբանությունների եմ դիմել»,- ասում է Օզլեմը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե ի՞նչ է փոխվել Թուրքիայում «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի մահից հետո:
«Բազմաթիվ թուրքեր Հրանտ Դինքի մահից հետո սկսեցին հասկանալ հայ ժողովրդի վիշտը, որովհետեւ նրանք սկսեցին կարդալ Դինքի հոդվածները, լսել նախկին ելույթները…Աշխարհում ամենաքիչը 100 000 մարդ միացավ նրա հուղարկավորության արարողությանը եւ սգաց նրա մահը: Հրանտ Դինքն իր մահով դուռ բացեց հայերի ու թուրքերի միջեւ…Իմիջիայլոց, Հրանտ Դինքը մեծ դերակատարություն է ունեցել իմ կյանքում: Դժբախտաբար, նրա հետ չեմ հանդիպել, բայց կարդացել եմ իր բոլոր հոդվածները: 2007թ. հունվարի 19-ից հետո ես գնացի «Ակոսի» խմբագրություն եւ ասացի, որ ուզում եմ աշխատել «Ակոսում»: Եվ երկու տարի աշխատեցի «Ակոսի» լրագրողների հետ»,- նշեց Օզլեմ Էրթանը:
Նա խոսեց նաեւ իր երազի մասին` թե ի՞նչ տարածաշրջան կուզենար ունենայինք. «Իմ վեպում երկու աշխարհ կա՝ իրական աշխարհը եւ այն աշխարհը, որտեղ մեռյալներն են ապրում: Եթե նրանք կենդանանային, Կարապետը կապրեր Տիգրանակերտում, իսկ Սիդարն ու Ազատը` Արեւելյան Անատոլիայում»:
Օզլեմ Էրթանը նաեւ կարծիք հայտնեց, թե գրականությունն ու մշակույթն ի զորու են հարթել երկու ժողովուրդների խնդիրները, նրա ձեւակերպմամբ, գրականության եւ մշակույթի միջոցով հնարավոր է ճանաչել միմյանց, քանի որ նրանք փոխանցում են հույզերը եւ ներկայացնում կյանքը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
08.06.2017